Հենրիխ Մխիթարյան. «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն այլ հաճույք է»
Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Լուգանսկի «Զարյային»: Հանդիպման առաջին գոլի հեղինակ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է խաղը` նշելով, որ այն, ինչ չստացվեց անել առաջին կեսում, ինքն ու թիմակիցներն արեցին երկրորդում:
«Առաջին խաղակեսում մի փոքր դժվար էր, որովհետև վերջին փոխանցումը չէր ստացվում: Երկրորդում կարողացանք եզրային կիսապաշտպանների ու հարձակվողների համար ազատ տարածություններ ստեղծել: Ռունին ազատ տարածություն ստեղծեց ինձ համար, ես էլ գոլ խփեցի: Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք ու առաջ ենք շարժվում:
Իհարկե, սխալներ կային, բայց ֆուտբոլն առանց դրանց չի լինում: Փորձեցինք կատարելագործել խաղը, ինչը արդյունք տվեց: Շատ երկար էի սպասում այս գոլին: Հաջորդ գոլս պետք է լինի «Օլդ Տրաֆորդում», որովհետև ուզում եմ սեփական հարկի տակ խաղում հաջողության հասնել: «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն այլ հաճույք է, ու ես ամեն ինչ կանեմ դրա համար»,- ասել է Մխիթարյանը: