Նորածինների սեռային կազմի անհամամասնությունը որոշակիորեն նվազել է. ծրագիրն արձանագրում է դրական արդյունքներ
Հայաստանում նորածինների սեռային կազմի անհամամասնությունը որոշակիորեն նվազել է: Այս մասին այսօր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:
Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում՝ ծրագրի խորհրդատվական հանձնաժողովին և գործընկեր կազմակերպություններին ներկայացվեց պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հաաստանում, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրային գործողությունները, արձանագրված ձեռքբերումները, աշխատանքների իրականացման ընթացքում քաղված դասերը: Բացի այդ, ներկայացվեց նաև ներկայումս Հայաստանում սեռով պայմանավորված պտղի ընտրության խնդրով զբաղվող գործընկերների նախաձեռնություններն ու համակարգման խնդիրները:
Արմեն Գալստյանը վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալները նշեց, որ դրանց համաձայն՝ 2016թ.-ին տղա-աղջիկ հարաբերակցությունը կազմել է 108:100, այն դեպքում, երբ 2010-2015 թթ-ին 100 աղջկա դիմաց տղաների թիվը շատ ավելին է եղել՝ 114-115: «Սա լուրջ ձեռքբերում է : Տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ հնարավոր է, որ շեղումներ լինեն, բայց համոզված ենք՝ այնքան չի շեղվի, որ էական փոփոխություն բերի արդեն հայտարարված թվի մեջ: Այսպիսով, մենք համատեղ ջանքերով կարողացել ենք ճիշտ ազդակ տալ, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն հայտնում մեր գործընկերներին»,- ասաց Արմեն Գալստյանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ նշեց, որ այս ցուցանիշին հասել են համատեղ աշխատանքի շնորհիվ: «Իհարկե դա նաև պարտավորեցնող է, քանի որ այդ թվերի պահպանումը շատ ավելի մեծ ջանքեր են պահանջում: Մենք չպետք է թուլացնենք մեր գործողությունները և ծրագրերի իրականացնումը պետք է ուղղված լինի ձեռքբերված հաջողությունների պահպանմանը: Չեմ կարծում, որ մի օր աղջիկների թիվը կգերակշռի, բայց կարող ենք համատեղ ջանքերով հասնել նրան, որ ցուցանիշները հավասարվեն»,- նշեց փոխնախարարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ իր խոսքում նշեց, որ սա այն եզակի դեպքերից է, երբ հասարակության բոլոր անդամները ներդաշնակ աշխատել են՝ Հայաստանում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները նվազեցնելու ուղղությամբ:
Նրա խոսքերով՝ երբ խնդրի մասին բարձրաձայնվեց, դրանից հետո ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները համատեղ բազմաթիվ գործողություններ ու միջոցառումներ են իրականացրել՝ սկսած օրենքի փոփոխությունից, մինչև կրթական ծրագիր ու մարդկանց հետ անմիջական աշխատանք: Ըստ նրա՝ բավականին լուրջ դերակատարություն ունի նաև Հայ առաքելական եկեղեցին: «Հասարակության հետ երկխոսելու միջոցով այսօր ունենք այս արդյունքները: Դա նշանակում է, որ եթե բոլորով նույն կետին ենք խփում, ապա ստանում ենք դրական արդյունք»,- ընդգծեց Ֆիլարետ Բերիկյանը:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գործառնական բաշնի ղեկավար Գրեգորի Ցուիրիսն էլ նշեց, որ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն արձանագրում է դրական արդյունքներ: « Նորածինների սեռային կազմի անհամամասնությունը լուրջ մարտահրավեր էր Հայաստանի համար: Հուսով եմ, որ մենք ինչ-որ չափով այս ծրագրով օգնում ենք պայքարել սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների դեմ: Ուրախ եմ, որ առաջ ենք գնում և ինչպես փոխնախարան ասաց՝ պետք է կարողանանք պահպանել արդեն ձեռքբերված հաջողությունները »,- ընդգծեց Գրեգորի Ցուիրիսը՝ հավելելով, որ իրենք նախատեսում են հետագայում էլ աջակցել այս ծրագրին, որպեսզի Հայաստանում նվազի պտղի սեռի խտրականությունը:
Նշենք, որ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը՝ առնվազն 10%-ով։
Ծրագրի ազդեցությունը կամրապնդվի երեք հիմնական արդյունքների շնորհիվ՝ քաղաքացիական հասարակության տեղական կառույցները, համայնքային գործիչները և իշխանությունները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ամբողջական ընկալում՝ երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետևանքների վերաբերյալ, երևույթի հանդեպ բնակչության ընկալումներն ու վերաբերմունքը դրական փոփոխություններ կկրեն, և երեխայի սեռի կանխակալ ընտրության կանխարգելմանն ուղղված քաղաքականության շրջանակների արդյունավետությունը կբարձրանա:
Նշված երեք գերակա ուղղություններով իրականացվում են փոխկապակցված հաջորդական գործողություններ, այդ թվում՝ քաղաքականության վերլուծության և խորհրդատվության, հետազոտությունների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ուսուցման և վերապատրաստման, իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության մի շարք միջոցառումներ:
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Եվրոպական միության ֆինանսական օժանդակության առավելագույն չափը կազմում է 750,000 եվրո: Ծրագրի գործընկերների կողմից ներդրվող ֆինանսական օժանդակության առավելագույն չափը 42,000 եվրո է:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
- Գիտաժողով. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ»
- Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ. ՀԵՀ
- Մ. Հովսեփյան. Հաճախ կանանց ստիպում են սեռով պայմանավորված հղիության ընդհատման գնալ
- Տարեկան 1400 աղջիկ չի ծնվում. Սեռով պայմանավորված աբորտների առկայությունը ՀՀ-ում մտահոգում է միջազգային մասնագետներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան