Գործարարները հերքում են. Լարսը փակ է, հարյուրավոր հայկական բեռնատարներ սահմանին կանգնած են
Բանան և այլ ապրանքներ ներկրող հարյուրավոր բեռնատարներ կանգնած են Լարսի անցակետում ու փակ լինելու պատճառով չեն կարողանում մտնել Հայաստան:
Բանան ներկրող «Արարատ Տրանս» ընկերության ներկայացուցիչ, գործարար Վահրամ Միրաքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում է ձյան մեջ բեռնատարների շարքը:
«Ընկերներ, քանի որ հաճախ հարցնում են, թե ինչ եղավ բանանը, ասեմ: Արդեն 7 օր է մեքենան այսպես կանգնած է Լարսում: Երեկ լրատվամիջոցները կարծես լուր են տարածել, թե Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Չկա այդպիսի բան: Հարյուրավոր հայկական բեռնատարեր սահմանին են կանգնած, ինչը կարող եք տեսնել ստորև, տեսանյութում», -գրել է Միրաքյանը:
Չնայած այս ամենին, օրեր շարունակ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից հաղորդում էին, որ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Այսօր էլ նույն նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր. «Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում»:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ այս ընկերությունը նախաձեռնել է բանան ներկրել Հայաստան՝ արձագանքելով վարչապետի հայտարարությանը, թե յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանքը ներկրել:
Հարակից հրապարակումներ`
- Շուկայում բանան նոր ներկրող է հայտնվել
- Բանանի շուկայում գները շուրջ 200 դրամով նվազել են, ինչը արդար մրցակցության միջավայրի արդյունքն է. ՊԵԿ