Սերգեյ Մինասյան. Համանախագահների հայտարարության կոշտ ձևակերպումները ուղղված էին Ադրբեջանին
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խմբի շնրջանակներում արված ամենակոշտ հայտարարություններից մեկն էր, որը երբևէ եղել է,- «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետը գտնում է, որ ակնհայտորեն այդ կոշտ ձևակերպումները թե ում էին ուղղված՝ գաղտնիք չէ նաև Ադրբեջանի համար:
«Բոլորին էլ հասկանալի է, թե ում էր ուղղված համանախագահների հայտարարությունը, մասնավորապես՝ երբ խոսքը գնում է ապրիլյան իրադարձությունների, քաղաքացիական անձանց հանդեպ բռնությունների կիրառման մասին, այդ ամենի հասցեատերը Ադրբեջանն է: Ինչպես նաև այն, որ պետք է կատարվեն Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, նույնպես ուղղված է Ադրբեջանին, դրանում կասկած չկա»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ զսպողական քայլերի կիրառմանը Մինասյանը նշեց, որ Ադրբեջանին ոչ միայն դիվանագիտական հայտարարությունների ֆորմատով են զսպում, այլ նաև քաղաքական և ռազմաքաղաքական քայլերով. «Եթե մենք դիտարկենք միայն ՄԽ շրջանակներում, ապա զսպման այդ տրամաբանությունը տեսանելի է և, բացի հրապարակային հայտարարություններից, կարծում եմ, նաև անմիջական հանդիպումների ժամանակ այդ մեսիջը ադրբեջանական կողմին հասցվել է: Բացի այդ, կա նաև երկկողմ հարաբերությունների ձևաչափ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիան և ԵՄ-ի հետ, որոնց շրջանակներում Ադրբեջանի հետ այդ մասին քննարկվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան