Հայաստանի և Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը ստորագրել են երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև փոխըմբռնման հուշագիր, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում և հարաբերությունների խորացում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Մենք արդեն ունենք նման հուշագիր Հոլանդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ: Հիմա էլ ստորագրեցինք Հայաստանի հետ: Մենք արձանագրել ենք, թե որ ոլորտներում ենք փոխադարձ օգտակար լինելու միմյանց: Ինքս շատ դրական եմ գնահատում այս հուշագիրը, քանի որ մեր երկրների միջև ընդամենը մեկ ժամվա ճանապարհ է: Մեր ազգային հավաքականն արդեն անցկացրել է մարզական հավաք այստեղ, և բոլորը շատ գոհ են մնացել: Որոշել ենք այս շփումներն ավելի զարգացնել: Հայկական և իրանական ֆուտբոլի համագործակցությունը շատ հին պատմություն ունի»,- ասել է ԻԻՀՖՖ նախագահ Մեհդի Թաջը:
«Մենք դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել: Արդեն ունեցել ենք ընկերական խաղեր անցկացնելու փորձ՝ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների մակարդակով: Ես գտնում եմ, որ ցանկացած նման շփում փորձի փոխանակման տեսանկյունից երկուստեք օգտակար կլինի ֆուտբոլի զարգացման համար, և դրական արդյունք կտա: Հայաստանը և Իրանը շատ մոտ են իրար: Առաջարկը եղել է իրենց կողմից, որի համար ես շատ շնորհակալ եմ»,- նշել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: