Ալեքսանդր Չեֆերին. «ՖԻՖԱ-ն այդպես էլ ՈՒԵՖԱ-ին չի ուղարկել աշխարհի առաջնությունների բարեփոխումների բնութագիրը»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստովանել է, որ ՖԻՖԱ-ի կողմից կոնկրետ առաջարկ չի ստացել, թե այդ կազմակերպության ղեկավար Ջաննի Ինֆանտինոն ինչպիսի ձևաչափով է ցանկանում անցկացնել աշխարհի առաջնությունները՝ սկսած 2026 թ. մրցաշարից։ Ավելի վաղ Ինֆանտինոն մեկ անգամ չէ հայտարարել, որ մտադիր է ավելացնել Մունդիալի մասնակիցների քանակը՝ այն հասցնելով 48-ի։
«Ես չեմ ուզում խոսել այդ նոր ձևաչափի մասին, որովհետև մենք տեղեկություն չունենք,- Չեֆերինի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հիմա ունենք 32 թիմից բաղկացած համակարգ, և այն աշխատում է։ Հոկտեմբերին ՖԻՖԱ-ն խոստացավ ուղարկել մեզ առաջարկվող տարբեր ձևաչափերի մանրամասն վերլուծությունը, սակայն մինչ օրս չի կատարել իր խոստումը։ Մենք միայն մամուլով ենք ծանոթանում նոր ձևաչափերին»։