Երեխայի իրավունքների կոնվենցիայի իրագործման հետ կապված ՀՀ-ում կան բացթողումներ. Հայկ Խեմչյան
Երեխայի իրավունքների կոնվենցիայի հետ կապված Հայաստանը մի քանի հարցերում մշտապես շատ քիչ զարգացում է արձանագրում ու այդ ոլորտներից մեկը անչափահասների գործերով արդարադատության բնագավառն է»,- «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի ամփոփմանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը:
Նրա խոսքով՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համար տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների կողմից որոշակի ջանքեր գործադրվում էին, սակայն դրանք համակարգելու խնդիր կար:
«Ստեղծվեց անչափահասների գործերով արդարադատության խորհուրդ, համակարգվում է արդարադատության նախարարության կողմից: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը որոշակի աջակցություն է ցուցաբերում խորհրդի աշխատանքներին: Հիմնական գործառույթը հենց տարբեր դերակատարների ջանքերի մեկտեղումն է, որպեսզի մեկը մյուսի գործունեությունից տեղյակ լինի ու այդ ջանքերը հնարավորինս նպատակաուղղված լինեն: Համագործակցության հիմնական արդյունքն այն է, որ մշակվել է հետագա գործողությունների պլան՝ ինչ քայլեր անենք, ինչ ուղղությամբ շարժվենք, որպեսզի հնարավորինս կարողանանք իրականացնել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հարցերով կոմիտեի հանձնարարականները, առաջարակությունները»,- ասաց Հ. Խեմչյանը:
Նրա խոսքով՝ այս ոլորտի հիմնական բացթողումն անչափահասների գործերով արդարադատության համակարգի բացակայությունն է:
«Մեզ մոտ մասնագիտացված հատուկ դատարաններ, հատուկ օրենսդրություն անչափահասների գործերով, դատախազության հատուկ ստորաբաժանումներ որպես այդպիսին չկան: Այդ ուղղությամբ արվում են որոշակի քայլեր՝ տարբեր օրենսդրական ակտերում անչափահասներին վերաբերող դրույթներ կան, երեխաների գործերով մասնագիտացված դատավորներ են նշանակվում, ովքեր, ցավոք սրտի, քննում են ոչ միայն անչափահասների գործեր, նաև այլ գործեր:
Բացթողումներից մեկը հենց դրան է վերաբերում, որ չկա համակարգի մասնագիտացում»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ այդ բացթողումը լրացնելու հնարավորությունը այժմ կա:
Հ. Խեմչյանը նշեց, որ այսօր կա Արդարադատության ակադեմիա, որը զբաղվում է դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստումներով, Փաստաբանական դպրոց, որտեղ որոշակի դասընթացներ են անցկացվում:
«Հիմա մենք որոշակի աջակցություն ենք ցուցաբերում Արդարադատության ակադեմիային՝ մշակելու դատավորների, դատախազների վերապատրաստման հեռահար էլեկտրոնային դասընթաց, որը հետագա տարիների ընթացում որպես պարտադիր ուսուցման առարկա կներդրվի նրանց ուսումնական ծրագրում:
Որոշակ աջակցություն ենք ցուցաբերում Մարդու իրավունքների գրասենյակին, որտեղ ստեղծվել է երեխաների իրավունքների հարցերով հատուկ ստորաբաժանում»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը:
Միջոցառոմանը ներկա արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նախ շնորհավորեց Մարդու իրավունքների օրվա առիթով, ապա հավելեց. «Մենք չենք կարող համարել լիարժեք մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը, եթե անտեսենք բաղկացուցիչ մասը կազմող հատուկ ուշադրության արժանի, սակայն երբեմն անփութորեն անուշադրության մատնված երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը: Անչափահասների համար հասնելի և մատեչելի արդարադատության կոնցեպտը շատ կարևոր է, անվիճելի է և ընկած է մի շարք հիմնարար բարեփոխումների և ռազմավարական ծրագրերի կազմում»:
Փոխնախարարը թվարկեց այն ծրագրերը, որտեղ արտացոլված են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող դրույթներ: Ա. Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ մշակվել է և շուտով շրջանառության մեջ կդրվի անչափահասների հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ծրագրի նախագիծը: