Դալալյանն ու Ղուկասյանն այս անգամ բավարարվեցին 4-րդ տեղով
Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մինչև 20 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Արփինե Դալալյանը, պոկելով 91 կգ և հրելով 127 կգ, երկամարտի 218 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը։
Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոթֆրիդը՝ երկամարտի 251 կգ արդյունքով, արծաթե մեդալը բաժին հասավ Ուկրաինան ներկայացնող Վալենտինա Կիսիլին՝ երկամարտի 238 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց բրիտանացի Մերսի Բրաունը՝ երկամարտի 233 կգ արդյունքով։
Մինչև 23 տարեկանների 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Կարուշ Ղուկասյանը, պոկելով 165 կգ և հրելով 197 կգ, երկամարտի 362 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը։
Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց ռուս Ադամ Մալիգովը՝ երկամարտի 377 կգ արդյունքով, փոխչեմպիոն դարձավ Ռումինիան ներկայացնող Նիկոլա Օնիկան՝ 374 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց երկամարտի 366 կգ արդյունք ցուցադրած ռուս Կոնստանտին Ռոշչուպկինը։