Ջեյմի Կարագեր. «Ռոջերսը թևաթափ եղավ, երբ Մխիթարյանն ընտրեց «Բորուսիան»
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած մրցելույթների մասին: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
«Լիգա Եվրոպայում Մխիթարյանի՝ «Զարյայի» դարպասին խփած գոլը, ինչպես նաև «Էվերթոնի» հետ հանդիպումը մեզ ցույց տվեցին, որ հայ ֆուտբոլիստը ճիշտ ուղու վրա է: Հետաքրքիր էր խաղից առաջ կարդալ նրա հարցազրույցն այն մասին, որ մրցաշրջանի թույլ մեկնարկի համար մեղադրում է ինքն իրեն, իսկ հետո տեսնել այն, թե Մխիթարյանն ինչպես է խաղադաշտ դուրս գալիս և ամեն ինչ անում՝ մանկունյանցիների կազմում հաջողակ լինելու համար:
Հենրիխի տաղանդն անվիճելի է: Հիշում եմ, երբ 2013 թ. «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ամեն ինչ անում էր՝ Մխիթարյանի տրանսֆերը «Շախտյորից» գնելու համար: Իսկ հետո նա թևաթափ եղավ, երբ հայ ֆուտբոլիստն ընտրեց «Բորուսիան»: Գերմանիայում նա առաջատար կատարող էր: Կարծում եմ, «Մանչեսթեր Յունայթեդում» ևս կլինի այդպիսին: Վերջին խաղերում նրա մրցելույթներն արդեն իսկ ապահովել են լավ ապագա»,- ասել է Կարագերը: