Կիպրոս-2016. տարեվերջյան ակորդներ
Սամբոյի 2016 թ. մարզական տարվա միջազգային մրցաշարերի վերջակետը դրվելու է Կիպրոսում, ուր դեկտեմբերի 9-ից 11-ն անց է կացվում Ուսանողների աշխարհի առաջնությունը, իսկ դեկտեմբերի 12-ից 15-ը՝ դեռահասների /կադետների/:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդեացիայի լրատվության բաժինը, Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի մարզիկների հետ ասպարեզ կմտնեն նաև Հայաստանը ներկայացնող ուսանող ու դեռահաս սամբիստները:
Ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասել է մինչև եզրափակիչ, ուր հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի Դավիթ Հովհաննիսյանի հետ: Արդյունքում հաղթել է Դավիթը, իսկ Էդիկն արժանացել է արծաթե պարգևի: Ի պատիվ հաղթողների՝ հնչել է «Գաուդեամուս» ուսանողական օրհներգը: