Ֆրանգուլյանն ու Բորանյանն սկսում են աշխարհի առաջնության մեդալների համար պայքարը
Բուդապեշտում կայացել է ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակիցների ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 71 կգ քաշային կարգերի ըմբիշների վիճակահանությունը: Այս մրցման նպատակը 2016 թ. օլիմպիական 31-րդ խաղերի ծրագրում չընդգրված քաշային կարգերի ըմբիշներին աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու հնարավորության ընձեռումն է:
Ըստ ստուգատեսի մրցակարգի, Ռիոյի օլիմպիադայում հանդես եկած ըմբիշներն իրավունք չունեն մասնակցելու: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հանդես են գալու Վարշամ Բորանյանը (71 կգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ), իսկ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում` այս մարզաձևի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ Վոլոդյա Ֆրանգուլյանն (61կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (70 կգ):
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, վիճակահանության արդյունքներով Ֆրանգուլյանն ու Բորանյանն իմացել են իրենց առաջին մրցակիցներին: 1/8-րդ եզրափակչում Ֆրանգուլյանն ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Բեհնամ Էյսանպուրի հետ: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի Ժոզեֆ Մոլնար (Հունգարիա)-Շինգո Արիմոտո (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ:
Բորանյանը պայքարի կսկսի 1/16-րդ փուլից՝ մրցելով նույնպես Իրանի ներկայացուցիչ Աֆշին Բիաբանգարդի հետ: Առաջին արգելքը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Բորանյանը 1/8-րդ փուլում ուժերը կչափի վիճակահանությամբ միանգամից այդ փուլից պայքարը սկսող Մոլդովայի պատվիրակ Դանիել Կատարագայի, հետ:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում երեկ ավարտվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունը, որտեղ 14 երկրի 16 թիմերի պայքարում Հայաստանը ներկայացնող Արսեն Մակվեցյանի ղեկավարությամբ հանդես եկած Երևանի «Դինամոն» գրավել էր 5-րդ տեղը: