Կկայանա կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հոբելյանական հեղինակային համերգը
Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հոբելյանական հեղինակային համերգը։
Կոմպոզիտորների միությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ բեմում կլինեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի երգչախմբի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական փողային նվագախմբի, ՀՀ ՊՆ սպայի տան «Զորական» անսամբլի երաժիշտները։
Երեկոյին հանդես կգան նաև մենակատարներ Եղիշե Մանուչարյանը (տենոր), Վիկտորիա Ավետիսյանը (մեցցո-սոպրանո), Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Վարազդատ Խաչումյանը (ջութակ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Կարեն Քոչարյանը (թավջութակ), Բորիս Երգանյանը (ակորդիոն), ինչպես նաև հայ էստրադայի հայտնի կատարողներ:
«Ճանապարհ դեպի լեռը» խորագիրը կրող համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։