BSTDB-ն ընդարձակում է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը Հայաստանում
Սևծովյան առևտրի և զարգացման բանկն (BSTDB) ու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը կնքել են 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային համաձայնագիր, որի միջոցներն ուղղվելու են Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը քառամյա վարկը կօգտագործի հատուկ նախագծեր և ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու՝ Հայաստանի ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտներում արդիականացման և ընդլայնման հնարավորություններ ստեղծելու համար:
«Մենք բարձր ենք գնահատում BSTDB-ի հետ երկարամյա համագործակցությունը, որը մեզ հնարավորություն է ընձեռում ավելացնել ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման ծավալները: Այս պայմանագիրը թույլ է տալիս աջակցել մի շարք ձեռնարկությունների՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Այս՝ թվով չորրորդ վարկային պայմանագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ ավելի կմեծացնի հայաստանյան փոքր ձեռնարկություններին երկարաժամկետ ֆինանսավորելու հնարավորությունները: Այն կնպաստի ՓՄՁ ոլորտի զարգացմանը, ինչը հանդիսանում է BSTDB-ի առաջնահերթ ռազմավարական խնդիրը Հայաստանում: Այս համագործակցությունը թույլ կտա ստեղծել հավելյալ եկամուտներ և տնտեսության վրա կունենա ավելի դրական ազդեցություն», - ասել է BSTDB-ի նախագահ Ի. Դելիքանին:
Բանկի մարքեթինգի բաժնից հայտնում են, որ 2006թ.-ից BSTDB-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ իրականացրել է առևտրի և ՓՄՁ ֆինանսավորման մի շարք գործարքներ՝ ընդհանուր առմամբ 33 մլն դոլարի չափով: Իր գործունեության հենց սկզբից՝ 1999թ.-ից, BSTDB-ի կողմից տրամադրված ընդհանուր ֆինանսական աջակցությունը Հայաստանի ՓՄՁ ոլորտին տեղական բանկերի միջոցով կազմել է մոտ 100 մլն եվրո: