Կարմիր բլուրի հնագիտական շերտերը վնասված չեն. Գ.Գյուրջյան
Կարմիր բլուր հնավայրը զբաղեցնում է 40 հեկտար տարածք: Այսօրվա դրությամբ պեղված է ընդամենը 20 տոկոսը,- լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Նա ընդգծեց, որ հնագիտական շերտերը, որոնք պահպանվում են հողի տակ, երբեք չեն վնասվել ոչ աղբից, ոչ էլ այլ միջամտություններից:
«Դա ապացուցեց նաև վերջին պեղումները»,- ասաց Գ.Գյուրջյանը:
Հարցին, թե ի՞նչ կտա հնարավայրին այսօր ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստորագրվեց համագործակցության ռազմավարական համաձայնագիրը, նա նշեց, որ առաջիկայում կիրականացվեն համատեղ պեղումներ:
«Այդ պեղումներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ֆրանսիական արշավախումբը, որը մեզ մոտ պեղումներ էր իրականացնում, նաև Իրանի Պերսեպոլիս թանգարանի հնագետները»,- նշեց Գ. Գյուրջյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս 2014-ին Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ ստորագրել էին փաստաթուղթ, ըստ որի Պիոտրովսկին առաջարկել էր համատեղ ստեղծել մի կատալոգ, որտեղ ներկայացված կլինեն Կարմիր բլուրում հայտնաբերված բոլոր արտեֆակտերը, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում նաև Էրմիտաժում, Բրիտանական թանգարանում:
«Այդ կատալոգում կներկայացվի մի հավաքածու, որն ամբողջական կներկայացնի Կարմիր բլուրը»,- հավելեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:
Խոսելով այլ թանգարաններում գտնվող հայկական արտեֆակտերի մասին, Գ. Գյուրջյանն ասաց, որ վարկած կար դրանք բոլորը վերադարձնել Հայաստան:
«Դրանք տարիների ընթացքում հարստացրել են այդ թանգարանների հավաքածուները, բայց ներկայացված լինելով խոշորագույն թանգարաններում՝ ցուցադրում ենք մեր արվեստը: Ինքներս պետք է մեր արվեստը ներկայացնելու ցանկություն ունենանք, իհարկե, չափի մեջ»,- նշեց նա:
Գ. Գյուրջյանի խոսքով՝ Էրմիտաժում, նաև Մոսկվայի Պուշկինի թանգարանում պահպանվում են հայ արվեստին վերաբերող տարբեր փաստաթղթեր:
«Երբեք չի եղել մի դեպք, որ մենք խնդրենք որևէ փաստաթուղթ ու մեզ սիրահոժար չտրամադրեն: Կան նյութեր, որոնք, ցավոք, մեզ մոտ չեն պահպանվել, իսկ այդ թանգարաններում պահպանվել են»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժի հետ ստորագրած համաձայնագիրը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը. Նախարար
- Ճանապարհի կառուցման շնորհիվ Կարմիր բլուր հնավայրում բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել
- Կարմիր բլուր հնավայրում վերջերս հայտնաբերված գտածոները՝ ցուցահանդեսում
- Կմշակվի ռազմավարական ծրագիր` պատմական Կարմիր բլուրը պահպանելու և գրավիչ դարձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում