Մերի Մարգարյանի ՀԵԼԼՓ համախտանիշը վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր էր դժբախտ ելքը կանխել
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով դատական նիստում այսօր հարցաքննվեցին «Էրեբունի» բժշկական կենտոնի բժիշկները: Վերջինները, նկատենք, Մերիին «Շենգավիթ» ԲԿ-ից տեղափոխելուց հետո բուժօգնություն են տրամադրել նրան:
Հիշեցնենք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը մահացել էր 2015-ի հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո: Նրա մոտ ախտորոշվել էր «HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Հուլիսի 30-ին էլ մահացել էր նաև նրա նորածին դուստրը: Այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերիին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդված)։
Այսօր դատարանում ցուցմունք տված «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանը հայտարարեց, որ Մերիին վիրահատել են այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ ու հաստատվել էր ՀԵԼԼՓ (HELLP) համախտանիշը:
Տիկին Էդիտան, որը մասնակցել էր Մերիի վիրահատությանը, ասաց, որ հիվանդի վիճակը ծանր են գնահատել՝ երեխայի սրտի զարկը եղել է դանդաղ, իսկ մոր մոտ եղել է սակավաջրություն: Մերիի ծանր վիճակից ելնելով, «Էրեբունու» բժիշկները, նրա խոսքով, որոշել են վիրահատություն կատարել:
Վկայի ցուցմունքի համաձայն, վիրահատությունից առաջ ստացվել են հետազոտության արդյունքները, որոնց համաձայն, տրոմբոցիտները նվազել են, իսկ լյարդի ֆերմենտները բարձրացել: Ըստ մասնագետի, այդ ամենը չի կարող արյան զեղման հետևանք լինել:
Մինչդեռ նկատենք, որ արյան զեղում ախտորոշման կասկածանքով Մերին «Շենգավիթ» բկ-ից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Էդիտա Ղազարյանը Մերիի լյարդի ու տրոմբոցիտների նման վիճակը պայմանավորեց «ՀԵԼԼՓ» համախտանիշով, իսկ այդ պարագայում պետք է անմիջապես ծննդալուծում կատարել:
«Երբ հաստատվեց ՀԵԼԼՓ համախտանիշը, մենք սկսեցինք վիրահատությունը» դատարանի դահլիճում հայտարարեց բժշկուհին:
Ի դեպ, նկատենք, որ նախորդ դատական նիստերում «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկները իրենց վկայություններում ասում էին, որ տեղյակ չեն եղել «ՀԵԼԼՓ» սինդրոմի մասին ու դրա վերաբերյալ տեղեկություն ստացել են ընդամենը բժշկական գրականությունից:
Նիստը վարող դատավոր Դավիթ Բալայանը տիկին Ղազարյանին ասաց, որ «Շենգավիթ» ԲԿ-ի նրա գործընկերները ասում են, թե ՀԵԼԼՓ-ը մարդու մոտ ախտորոշվում է միայն անձի մահից հետո, սակայն ի պատասխան վկան ասաց, որ համաձայն չէ և իր գործունեության ընթացքում շատ անգամներ է հիվանդների մոտ այդ սինդրոմին հանդիպել: Ըստ վկայի, այդ համախտանիշը վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր է եղել դժբախտ ելքը կանխել:
Ցուցմունք տված մյուս վկան դարձյալ մանկաբարձ-գինեկոլոգ էր «Էրեբունի» ԲԿ-ից Նորայր Ղուկասյանը: Նա դատարանին հայտնեց, որ ինքը մասնակցել է վիրահատությանը և եղել է բժշկի երկրորդ օգնականը: Նա նույնպես հաստատեց, որ Մերիի մոտ հետազոտության արդյունքները ցույց են տվել «ՀԵԼԼՓ» համախտանիշ, ինչի պարագայում ցուցված է բացառապես ծննդալուծումը:
Նա նույնպես հաստատեց, որ Մերին «Էրեբունի» տեղափոխվել է ծանր վիճակում:
Ինչ վերաբերում է երկկողմանի թոքաբորբ ախտորոշմանը, որը հայտնաբերվել էր «Էրեբունի»-ում, վկան ասաց, որ այդ հիվանդությունը չէր կարող մի քանի ժամում զարգանալ: Նկատենք, որ դատարանում ցուցմունք տված «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկները մի մարդու նման հայտարարում էին, թե Մերի Մարգարյանի մոտ թոքաբորբ չի եղել, և նա «Էրեբունի» է տեղափոխվել արյան զեղման կասկածանքով:
Վկան նաև ասաց, որ երեխայի մոտ պտղի սրտի զարկերակի դանդաղումն արդեն իսկ ցուցում է, որպեսզի ծննդալուծում կատարվի, ինչը չի արվել «Շենգավիթ»-ում:
Այսօր դատարանում հարցաքննված մյուս վկան «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային բաժանմունքի նեոնոտոլոգ Գոհարիկ Ահարոնյանն էր: Նա նկարագրեց, որ երբ երեխային դուրս են հանել մոր որովայնից, նորածինը եղել է գունատ, կենդանության նշաններ թույլ չի տվել, սիրտը չի բաբախել, իսկ մկանային տոնոս չի ունեցել: «Երեխան կարելի է ասել մեռելածին է եղել», -ասաց վկան՝ ընդգծելով, որ երեխայի հետ վերակենդանացման միջոցառումներ են կատարվել:
Միայն 10 րոպե վերակենդանացում կատարելուց հետո է երեխայի սիրտը սկսել բաբախել, որից հետո երեխան միացվել է արհեստական շնչառության ապարատին: Այդքանով հանդերձ, ըստ վկայի, երեխայի վիճակը ծանր է եղել և ավելի ուշ երեխան մահացել է:
Հարցին, թե ինչու է երեխայի համար վերակենդանացում կատարվել, այն դեպքում, երբ նրա խոսքով, երեխան մեռելածին է եղել, վկան պատասխանեց, որ դա իր իրավունքն է, քանի որ երեխայի մոտ այդուհանդերձ եզակի բաբախ եղել է:
Հարակից հրապարակումներ`
- Մերի Մարգարյանի մահվան գործով շարունակվում է վկա բժիշկների հարցաքննությունը
- Շատ բարի, գրագետ, բարեկիրթ աղջիկ էր. Ցուցմունք՝ Մերի Մարգարյանի գործով
- Շուշանիկ Բախշյանը կոպիտ ու «մուննաթով» էր խոսում Մերիի հետ. Ցուցմունք դատարանում
- Մերի Մարգարյանը մտավ իմ սենյակ, ասաց՝ շունչը կտրվում է. Սրտաբանի ցուցմունքը
- Տուժող կողմի հետ նախարարի հանդիպումը վրդովեցրել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանությանը
- Ինչո՞ւ Մերի Մարգարյանին կեսարյան հատում չեն արել «Շենգավիթ»-ում
- Դատարանում ներկայացված փաստաթղթերով կասկածի տակ դրվեց Շուշանիկ Բախշյանի մասնագիտացումը
- Շուշանիկ Բախշյանը օգնության հասավ դատավորին
- Մերի Մարգարյանի մայրը խնդրել է խստորեն պատժել Շուշանիկ Բախշյանին
- «Աղջիկս ֆանտաստիկ ձևով էր վստահում Շուշանիկ Բախշյանին». Ցուցմունք
- Չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում. մանրամասներ Շուշանիկ Բախշյանի գործից
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում