Կայանալու է Ռոսսինիի «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի հանրահայտ «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան: Լիբրետոյի հեղինակ Յա. Ֆերրերտտի՝ ըստ Շ. Պերրոյի համանուն հեքիաթի:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դերերում հանդես են գալիս՝ Անջելիան՝ Գոհար Ազիզյան, Դոն Ռամիրո՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ. արտիստ/, Դոն Մանիֆիկո՝ Կիմ Սարգսյան, Դանդինի՝ Աշոտ Ղանթարջյան, Կլորինդա՝ Նունե Գրիգորյան, Տիզբե՝ Արևիկ Գյուլբուդաղյան, Ալիդորո՝ Հայկ Տիգրանյան: Ներկայացման դիրիժորն է Զավեն Վարդանյանը, գլխավոր խմբավարը՝ Ռադիկ Մելիքյանը, կոնցերտմայստերը՝ Լյուդմիլա Խորոզյանը: Մասնակցելու է նաև թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը:
«Մոխրոտիկը» Ջ. Ռոսսինիի լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակն անգամ հեքիաթում հումոր է հայտնաբերել: Օպերան գրվել է 24 օրում: Ռոսինիի «Մոխրոտիկը» ներկայացվել է Եվրոպայի լավագույն օպերային թատրոններում և մեծ ճանաչում է բերել հեղինակին: Առաջին ցուցադրությունը եղել է 1817 թվականի հունվարի 25-ին Հռոմում: