Սիրիական հակամարտությունն ակտիվ է և Հալեպի ազատագրմամբ այն չի ավարտվում. Արաբագետ
Հալեպի ազատագրված լինելու մասին պաշտոնական տեղեկությունը ուշանում է, չնայած այն բանին, որ երեկ երեկոյան հալեպահայ «Գանձասար» պարբերականը տարածեց, թե Հալեպն ազատագրված է, և ժողովուրդը ցնծում է:
«Գոնե առնվազն մինչև օրվա վերջ ազատագրման գործողույունը կավարտվի, և Հալեպն ամբողջությամբ կազատագրվի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Հալեպի ազատագրումը և այնտեղ ձեռք բերած մեծագույն հաղթանակը, ըստ արաբագետի, սիրիական կառավարական ուժերի, նրանց հարող խմբավորումների և արտաքին դաշնակիցների կողմից մանրամասն ծրագրված և հաջող ռազմական գործողությունների արդյունք է:
Հալեպյան ռազմական օպերացիայի հաջողությունը ունեցել է նաև արտաքին գործոններ, և դրանցից մեկը, Պետրոսյանի ներկայացմամբ, այն էր, որ Հալեպի արևելյան շրջանները վերահսկող ընդդիմադիր ուժերը զուրկ էին արտաքին լուրջ աջակցությունից: Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան բանակցությունների շրջանակում ստանձնեց որոշակի պարտավորություններ և այդ երկրի կողմից հովանավորվող բավական մեծ խմբավորումներ մնացին առանց աջակցության:
«Այս գործոնների ու այլ հանգամանքների արդյունքում Սիրիայի կառավարական ուժերի ու նրանց հարող արտաքին դաշնակիցների ամենանշանակալից, ամենալուրջ, ամենալուրջ- ռազմական, ռազմավարական, հոգեբանական տեսանկյունից հաղթանակն է Հալեպի ազատագրումը: Սա բացառիկ իրադարձություն է սիրիական հակամարտության ողջ ընթացքում», -հավելեց փորձագետը:
Մեր դիտարկմանը, թե Հալեպի ազատագրմանը զուգահեռ տեղեկություն տարածվեց, թե ԻՊ զինյալ ահաբեկչները վերագրավել են Պալմիրան և հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հալեպում զինյալները թուլացրել են դիրքերը՝ այլ ուղղությամբ գրոհ ձեռնարկելու համար, արաբագետը արձագանքեց, թե այդ ամենը ցույց է տալիս, որ Հալեպի ազատագրմամբ, սիրիական հակամարտությունը բնավ չի ավարտվում:
«Դա ցույց է տալիս, որ Սիրիայի տարածքում չկա բացարձակ, լիարժեք առաջատար ուժ, որը կարող է բոլոր ճակատներով հաջողություն ունենալ: Սա շատ խորհրդանշական է, և ցանկացած ճակատում իրավիճակը կարող է թեժանալ և եթե Հալեպն ազատագրվեց, դա դեռ չի նշանակում, որ նրա դեմ վաղը նոր սպառնալիքներ չեն լինի: Այսինքն՝ սիրիական հակամարտությունն ակտիվ է», -նկատեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ սիրիական հակամարտությունը բազմաշերտ է և «տրամաբանական հանգուցալուծման» պետք է հասնել բոլոր շերտերում:
Ինչ վերաբերում է Հալեպի ազատագրմանն ու դրա հետևանքներին, ապա մեր զրուցակցի խոսքով, առաջիկայում Հալեպ բնակչության ներհոսք սպասելի է: Նրա խոսքով, այժմ բնակչության շրջանում կա մեծ ոգևորություն և դա բնական է, քանի որ երկար տարիներ անց քաղաքն ազատագրվում է ահաբեկիչների ձեռքից:
Միևնույն ժամանակ փորձագետը նկատեց, որ պետք է զգուշավոր լինել, քանզի վաղ է խոսել սիրիական հակամարտության ավարտի մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան