Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավային և արևելյան պաշտպանական ուղղություններում
Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 900 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային /Հադրութ/ և արևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառել է նաև «CBD» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններ /93 կրակոց/:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյունք կրակոցներին պատասխանելուց և շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:
«Ինչ վերաբերում է հայկական երկու անօդաչու թռչող սարք /ԱԹՍ/ խոցելու մասին ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն»,- նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ: