Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով Էրմիտաժում ցուցահանդես կկազմակերպվի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, խոսելով Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև ձևավորված սերտ համագործակցության մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքի խոսք է ասել Էրմիտաժի տնօրենին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման և պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող աջակցության, մասնագիտական խորհրդատվության և Մայր Աթոռի թանգարանների աշխատակիցների վերապատրաստման համար:
Մ. Պիոտրովսկին պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ զորակցությունը ցուցաբերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ազգային-հոգևոր արժեքների պատշաճ պահպանության գործում:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Մ. Պիոտրովսկին քննարկել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով 2017 թվականին Էրմիտաժում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հարցը: Ընդառաջ ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրենի առաջարկին որոշվել է նաև «Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ և վարպետության դասեր անցկացնել Ս. Էջմիածնում:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն
- Էրմիտաժի հետ ստորագրած համաձայնագիրը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը. Նախարար
- ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստորագրվելու է համագործակցության համաձայնագիր