Վիգեն Սարգսյան. Բանակի մասին խոսելիս՝ «քաղաքական սելֆիների» մշակույթը պետք է վերացնել
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում իր եզրափակիչ խոսքում նշեց, որ պետք է չափազանց ուշադիր լինել ԱԺ ամբիոնից ցանկացած մեղադրանք առաջադրելիս կամ ցանկացած խոսք բարձրաձայնելիս:
«Երբ տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորի կողմից առաջարկ է արվում ժամկետային զինծառայողի համար աշխատավարձ սահմանել, որին ես կողմ կլինեի որպես ՊՆ նախարար, նա պետք է հաշվետվություն տա իրեն, որ իր առաջարկած հարցի գինը նույնչափ է, որքան եղել է իր ղեկավարած կառավարության պետական բյուջեն ամբողջությամբ: Եթե այսօր այդպիսի առաջարկ կարելի է անել, դա գնահատական է այս տարիների մեր երկրի ունեցած առաջընթացի, նաև այս կառավարության հաջողությունների»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ պաշտպանության նախարարը նկատի ուներ Հրանտ Բագրատյանին:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին, նախարարը նշեց. «Ես ձեզ խնդրում եմ, մի՛ խոսեք ապրիլյան զոհերի մասին, խոսեք ապրիլյան հերոսների մասին, չի՛ կարելի հերոսին զոհ սարքել, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է բանակում չծառայելու ցանկության տարածումը հասարակության մեջ: Դա է ամենակարճ ճանապարհը արժեզրկելու այն սխրանքը, որ տղաներն ամեն օր գործում են սահմանի վրա»:
Խոսելով Լևոն Զուրաբյանի ելույթի մասին, որը նշել էր՝ պարտադրանք է սա, ոչ թե հնարավորություն, Վիգեն Սարգսյանն ասաց, որ երբ ինքնաթիռում պարտադրում են ամրագոտի կապել, հնարավորություն են տալիս փրկվելու, այնպես որ, պարտադրանքն ու հնարավորությունը միշտ չէ, որ հակադրվում են:
Նախարարը վերջում հայտարարեց, որ չի անդրադառնա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին. «Մի ելույթ, որին չեմ անդրադառնա, Զարուհի Փոստանջյանի ելույթն է, որովհետև իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել այդ պատասխանի մեջ՝ առանց հայհոյանք օգտագործելու, իսկ դաստիարակությունս թույլ չի տալիս անել երկրորդը»:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ բանակի մասին խոսելիս՝ «քաղաքական սելֆիների» մշակույթը պետք է վերացնել: «Շատ ավելի վտանգավոր է քաղաքական գործիչը, ով սելֆի է անում այս ամբիոնում, քան այն շոուբիզնեսի ներկայացուցիչը, ով սելֆի է անում խրամատում»,- ընդգծեց նա:
Վերջում նախարարը կոչ արեց կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը՝ վստահեցնելով, որ հիմնադրամն աշխատելու է այնպես, որ բոլորը հպարտ են լինելու կողմ քվեարկելու համար, և ինքը այս օրենքի լիարժեք կատարման նժարին դնում է իր քաղաքական կենսագրությունն ու ապագան:
Հարակից հրապարակումներ`
- Հինգերորդ գումարման խորհրդարանը հարուստ է եղել թեմայից դուրս անիմաստ քննարկումներով. Արտակ Զաքարյան
- Փաշինյան. Զոհված զինծառայողի՝ ուսման վարձ վճարել չկարողացող երեխային մենք ի՞նչ ենք ասում
- Վիգեն Սարգսյան. Յուրաքանչյուր կողմ քվեն շատ կարևոր է
- Ինչո՞ւ են փորձում հիմնադրամը հանել շահութահարկից, եթե այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է. Գուրգեն Արսենյան
- Վիգեն Սարգսյան. Ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձև գիտեմ՝ հանրաքվե և ԱԺ-ի քվեարկություն
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
- Վիգեն Սարգսյան. Ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան