Մխիթարյան. «Ամեն ինչ կանեմ` Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին իր ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Միշտ երկրպագել եմ Անրիին, երբ նա հանդես էր գալիս «Արսենալում»: Թիերին իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն էր, քանի որ այդ ժամանակ ես նույնպես հանդես էի գալիս հարձակման գծում: Ավելի ուշ եմ սկսել խաղալ կիսապաշտպանությունում:
Միշտ էլ հաճելի է դուրս գալ խաղադաշտ: «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալն իմ երազանքն էր: Ուրախ եմ, որ կարողանում եմ հանդես գալ մեկնարկային կազմում և ամեն ինչ անում եմ թիմի համար:
Անգլիական ֆուտբոլը տարբերվում է այլ երկրների ֆուտբոլից: Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա` ցանկացած երկրի լիգային պետք է հարմարվել: Սկզբում այստեղ շատ դժվար էր, բայց ես շարունակում եմ ամեն ինչ անել` Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը դառնալու համար:
Քրտնաջան աշխատում եմ, կատարում եմ այն ամենը, ինչ ասում է Մոուրինյոն: Ուզում եմ իմ խաղով օգտակար լինել «Մանչեսթեր Յունայթեդին»,- ասել է Մխիթարյանը: