Ռոստոմյան. «Սերնդափոխությունը ճիշտ կատարելու համար պետք է համատեղ աշխատել»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մասնակցությամբ տեղի է ունեցել բռնցքամարտի երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչների հաշվետվությունների տարեվերջյան լսումները:
Բռնցքամարտի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը տեղեկացրել է, որ Եվրոպայի առաջնությունում պատանի բռնցքամարտիկները նվաճել են 2 բրոնզե մեդալ, իսկ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը տեղեկացրել է Եվրոպայի առաջնությունում նվաճած 1 արծաթե և 3 բրոնզե մեդալի մասին: Աշխարհի առաջնությունում մեդալներ չեն նվաճվել:
Մարզիչները նշել են, որ վատ արդյունքները պայմանավորված են ուսումնամարզական հավաքների քիչ անցկացմամբ և միջազգային մրցաշարերի մասնակցության փորձի պակասով: Նախարարը երիտասարդ հայ բռնցքամարտիկների այս տարվա Եվրոպայի առաջնության մասնակցությունը գնահատել է բավարար, սակայն անբավարար է գնահատել բռնցքամարտ մարզաձևում տիրող ընդհանուր վիճակը:
«Պետք է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ արդյունքներն ավելի լավը լինեն: Անհրաժեշտ է աշխատել համատեղ՝ սերնդափոխությունը ճիշտ կատարելու համար: Որպեսզի ունենանք մեծահասակների լավ հավաքական, լուրջ աշխատանք ունեն կատարելու պատանիների և երիտասարդների հավաքականների ավագ մարզիչները և մարզադպրոցներում աշխատող մարզիչները»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: