Վենգեր. «Աստված երկիրը ստեղծեց 7 օրում, այս մրցաշրջանը մեզ համար 7-րդ օրն է»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ այս մրցաշրջանն իր սաների համար պետք է յուրահատուկ լինի: Վենգերի խոսքերով` իրենք պետք է փոխեն այն, ինչ եղել է նախկինում: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի փոխենք և կերտենք պատմություն: Վերջին 6 տարիների ընթացքում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում չենք կարողացել 1/8-րդ եզրափակիչ փուլը հաղթահարել: Հիմա պետք է մոռանանք այն, ինչ եղել է անցյալում:
Ասում են` Աստված երկիրը ստեղծել է 7 օրում: Այս մրցաշրջանը մեզ համար ասես 7-րդ օրը լինի: Այն պետք է յուրահատուկ լինի: Այս անգամ մենք ունենք առավելություն` պատասխան հանդիպումը սեփական հարկի տակ անցկացնելու տեսքով: Եթե լավ հանդես գանք արտագնա խաղում, ապա գործը հաջող ավարտին կհասցնենք տանը»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլում «Արսենալը» կմրցի «Բավարիայի» հետ: Մյունխենում խաղը կկայանա փետրվարի 15-ին, պատասխան հանդիպումը` մարտի 7-ին` Լոնդոնում: