Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելն ընդամենը լրացուցիչ գործիք է. նախարար
Կանխատեսելի քննարկում էր՝ իր բոլոր նրբերանգներով, իր դահլիճային երանգավորումներով, հնչեցված գնահատականներով, մտահոգություններով, նաև քաղաքական հարթություն մեջ հնչած առաջարկություններով,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանն ունեցած ամփոփիչ ելույթում ասաց հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը:
Նախագծով առաջարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել:
Նախարարը նշեց, որ չի կարող չանդրադառնալ որոշ հարցադրումների, որոնք բովանդակային էին, բայց նաև մի փոքր քաղաքական:
«Քաղաքական ամբիոնը մի առանձնահատկություն ունի՝ բոլորս այս ամբիոնից խոսում ենք դոգմատիկ ճշմարտության հավակնող ինտոնացիայով, բոլորիս համար մեր հնչեցրած մտքերը, կարծիքները, տեսակետները, պնդումները վերջին ճշմարտություն են: Երևի ինչ-որ տեղ բնական է, բայց փորձեմ շեղվել այդ ուղուց, այստեղ անել ոչ թե պնդումներ, այլ ասել այն, ինչ գոյություն ունի և այն ինչ մենք նախատեսում ենք»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ նախարարն ասաց. «Պարոն Զուրաբյան, հուսով եմ, իմ բարի ցանկություն է, որ ձեր նախընտրական ծրագրում դուք նմանատիպ դրույթ չեք ամրագրի: Ուզում եմ հավատալ, որ չեք ամրագրի մի դրույթ, որը հակասում է 1995, 2005, 2015 թվականների սահմանադրություններին: Ուզում եմ հավատալ, որ հակասահամանադրական դրույթով չեք կառուցի ձեր նախընտրական քարոզարշավը: Մնացածը ձեր գործն է»:
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ երբ գնահատականներ են հնչեցվում, դրանից ելնելով եզրահանգումներ անում, միշտ չէ, որ ելման կետը համապատասխանում է իրականությանը:
«Մենք բոլորս խոսում ենք այն մասին, որ մեր գործիքակազմը լավն է: Համամիտ եմ, ունենք «Քրեական օրենք»-ով նախատեսված հանցակազմեր, որևէ մեկը դրանք չի վերացրել, չի էլ վերացնելու, բայց ամբողջ հարցադրումն այն է, որ այս հանցակազմն ընդամենը լրացուցիչ գործիք է, որը տալու է իր արդյունքերը: Ես ասել եմ, որ ապօրինի հարստացումն ինքնին ինքնաբավ է, բավարար է շատ հարցեր կանխելու, կանոնակարգելու համար: Բայց բոլոր խնդիրներն այս օրինագծով չեն լուծվում»,- ասաց արդարադատության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնյան պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա է, լոմբարդի աշխատող, թե վաշխառու. Ն. Զոհրաբյան
- Բոլորս էլ գիտենք, որ որևէ մեկը որևէ մեկին փոխառություն չի տալիս. Էդմոն Մարուքյան
- Խորհրդարանը քննարկում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու նախագիծը
- Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին