Ենգիբարյան. Հայաստանյան ընկերությունների պրոդուկտները փայլում են աշխարհի քարտեզի վրա
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերը ցույց տվեցին, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել կազմակերպություններ, որոնք մշակում ու ստեղծում են սեփական պրոդուկտներ ու լուծումներ:
Նման կարծիք հայտնեց Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի Տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթին:
Ենգիբարյանի խոսքով, ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերի շնորհիվ տեղական ընկերությունները կարողացել են ստեղծել պրոդուկտներ, «որոնք այսօր փայլում են աշխարհի քարտեզի վրա»:
Այս մրցույթում շեշտադրվելու են ճարտարագիտության ոլորտներում նորարարությունները, այդ թվում ինժիներական քաղաքը: Մարզերում գործող ընկերություններին հնարավորություն կտրվի դրամաշնորհի մրցույթին մասնակցել հատուկ պայմաններով: Օրինակ, Գյումրիում ու Վանաձորում գործող ընկերությունների մասնաբաժինը համաֆինանսավորման մեջ 50 տոկոսի փոխարեն կլինի 15 տոկոս:
«4 մրցույթ՝ 2-2.5 տարի զբաղված պահելով տեխնոլոգիական ամբողջ ոլորտը»,-ասաց Ենգիբարյանը:
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանել հիմնադրամի էջում: Ամեն մրցույթից նախատեսվում է ունենալ 5 հաղթող, օգտագործվելու են նոր գործիքներ: Դրամաշնորհի համար ընկերությունների խոսքը պետք է լինի նաև ներկայացում ներդրողների համար:
«Մրցույթի ընթացքում կլինեն վենչուրային ֆորումներ, որոնց կմասնակցեն բազմաթիվ ներդրողներ, ովքեր ցանկություն կհայտնեն ֆինանսավորելու թե հաղթող և թե չհաղթող ընկերություններին»,-ասաց Բագրատ Ենգիբարյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտի ամենամեծ խոչընդոտը կրթական համակարգն է:
«Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ, որպեսզի բարձր որակավորում ունեցող ուսանողները համապատասխանեն եվրոպական շուկային»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2016թ-ին աճել է 20%-ով. Բագրատ Ենգիբարյան
- Բ. Ենգիբարյան. ՏՏ լուրջ ներուժ կա ողջ երկրում