Պաշտոնյան պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա է, լոմբարդի աշխատող, թե վաշխառու. Ն. Զոհրաբյան
Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին նախագիծը լավն է, բայց չի գործելու»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանն ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իր հարցը վերաբերում է պաշտոնյաների հայտարարագրերում հիմնական թրենդ դարձած փոխառություններին:
«Մեր պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը տոկոսով փող տվող է, այսինքն՝ անօրինական եկամուտը փորձում եմ լեգիտիմացնել տոկոսով փող տալով: Չե՞ք կարծում, որ ընդհանրապես պաշտոնյան իրավունք չպետք է ունենա տոկոսով փող տալ, պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա է, թե լոմբարդի աշխատող, թե վաշխառու: Որին հարցնում ես՝ ասում է իմ հարստությունը հալալ քրտինքով է: Այսքան հալալ քրտինք այս երկրում որտեղի՞ց, դա էլ որևէ կերպ չենք կարողանում պարզել: Բոլորը միլիոնատեր են դարձել իրենց հալալ քրտինքով: Այդպես չի լինում: Հայտնի անեկդոտը հիշեցի՝ էդ որ սաղդ սուրբ եք, էս եկեղեցու խաչն ո՞վ գողացավ»,- իր հարցադրումները պատգամավորն ուղղեց հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Նա առաջարկեց՝ ընդհանրապես արգելել պաշտոնյաներին տոկոսով փող տալ:
«Ինչո՞ւ չի աշխատելու օրենքը, որովհետև իրավացիորեն նշեցիք, որ ընդլայնվելու է բարեկամների շրջանը և պարզվելու է, որ, օրինակ մեծահարուստ որևէ պաշտոնյա սնանկ է, իսկ նրա տան աշխատողը, վարորդը, մեքենան լվացողը միլիարդատեր են»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Ա. Հովհաննիսյանը համաձայն է տոկոսով փող տալու հետ կապված խնդիր կա, նշեց, որ լուծման համար կան տարբեր եղանակներ: Նախարարն ասաց, որ պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելը շղթան փակող ևս մեկ գործիք է:
«Երբ որ կաշառք ստանալու, փողերի լվացման համար են դատապարում, դա արվում է գործողության համար, իսկ ապօրինի հարստացումը վիճակի համար է դատապարտում: Լրացուցիչ գործիք է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ եթե հավասարության, արդարության սկզբունքը չաշխատի, այս օրենքը թարս է աշխատելու:
Հիմնական զեկուցողն արձագանքեց. «Բա ինչի եմ մտահոգությունը բարձրաձայնում, որ շեմը չպետք է իջեցվի: Եթե շեմը շատ ես իջեցնում, մեխանիզմը սկսում է աշխատել փոքրերի վրա, մնացածը չի բացառվում, որ դուրս մնան: Դրա համար շեմը պետք է բարձր լինի»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ քանի որ այս օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, կարելի է հետադարձ ազդեցության այլ մեխանիզմներ գտնել, օրինակ՝ «Քրեական դատավարության» օրենքում որևէ փոփոխություն կատարելով:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ պետք չէ որևէ այլ մեխանիզմ նախատեսել, քանի որ նախկինում կատարված հանցագործությունների համար հիմա էլ կարող են քրեական գործ հարուցել:
Հարակից հրապարակումներ`
- Բոլորս էլ գիտենք, որ որևէ մեկը որևէ մեկին փոխառություն չի տալիս. Էդմոն Մարուքյան
- Խորհրդարանը քննարկում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու նախագիծը
- Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան