Հույն գրողների միության նախագահ. Մենք ներողություն ենք խնդրում յոթ տասնամյակ ուշանալու համար
Հույն գրողների միությունը (ՀԳՄ) կազմակերպել էր միջոցառում՝ նշելու հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել էին, Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, ՀԲԸՄ մասնաճուղը և «Արարատ» ՄՄ միությունը:
«Հայաստան» լրատու ցանցի հաղորդմամբ, երեկոյի բացմանը միության նախագահ Կոստաս Կառուսոսն նշել է, որ կազմակերպված միջոցառումը, ըստ էության առաջինն է իր բնույթով, որ երբևէ կազմակերպվել է Հունաստանում: Նա ներողություն է խնդրել այն բանի համար, որ Հույն գրողների միությունը 70-ամյա ուշացումով է կազմակերպում նման միջոցառում:
Իսկ միության փոխնախագահ Պավլոս Նաթանելը ընդգծել է, որ եթե պատմությունը հույներին և հայերին միացնում է, ապա երկու ժողովրդների մշակութային կապը նրանց հարաբերությունը խորացնում է:
«Կապոդիստրիայի» անվան Աթենքի պետական համալսարանի դասախոս՝ դոկտ. Համբիկ Մարուքյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես Համիդյան ջարդերի ժամանակ հույն հանրությունը ծանոթացել է հայկական բանաստեղծությունների հունարեն առաջին թարգմանություններին (առաջինը՝ Միքայել Նալբանդյանի «Ազատություն», 1895 թ.) և հավելել, որ կազմակերպված միջոցառումը, Համիդյան ջարդերի 120-ամյակի համար նախատեսված յոթը միջոցառումներից՝ երկրորդն է:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀԳՄ –ն Հունաստանի գրողների ամենահեղինակավոր և հին միությունն է: