ՍԱՊԾ այս տարի կատարած աշխատանքն ու 2017-ի անելիքները
Այս տարվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով հանրությանը վճարվել է 308 միլիարդ դրամի գումար: Լրագրողների հետ հանդիպմանը ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ այդ գումարները ծառայության միջոցով բաշխվել է իրենց շահառուներին:
«Առյուծի բաժինը գնացել է աշխատանքային կենսաթոշակների վճարմանը՝ շուրջ 222 միլիարդ դրամ, զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվել է շուրջ 24 միլիարդ դրամ»,- նշեց նա:
2016 թվականի դեկտեմբերի 13-ի դրութամբ Ծառայությունում հաշվառված է կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող 463 հազար 838 անձ, որից ստանում են տարիքային կենսաթոշակ՝ 307 հազար 598 անձ, հաշմանդամության կենսաթոշակ՝ 128 հազար 377 անձ, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ՝ 9972 անձ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ՝ 2541 անձ, երկարամյա ծառայության կենսաթոշակ՝ 740 անձ, մասնակի կենսաթոշակ՝ 14 հազար 610 անձ:
2016 թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում մայրության նպաստ է նշանակվել շուրջ 26 հազար 500 անձի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ շուրջ 41 հազար 800 անձի:
Ս. Սաիյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում ծառայությոնը հիմնական աշխատանքները տարել է երկու ուղղությամբ՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավում և այդ ծառայությունների հասանելիության ապահովում, պետական բյուջեի միջոցներից կատարվող ծախսերի հասցեականության ապահովում:
Ծառայության պետի տեղակալն ասաց, որ այս տարվա ընթացքում տարածքային ստորաբաժանումներ ներկայացվել է ավելի քան 300 հազար դիմում, կայացրել են շուրջ 100 հազար վարչական ակտ. «Այսինքն այս տարվա ընթացքում ծառայությունը կայացրել է շուրջ 400 հազար որոշում, որոնցից յուրաքանչյուրի հետևում կանգնած է կոնկրետ անձ իր խնդիրներով, իրավունքներով, իրեն հասանելիք դրամական վճարներով»:
Ինչ վերաբերում է ծառայություն՝ 2017 թվականի հիմնական անելիքներին, Ս. Սաիյանը նշեց, որ իրենց առաջնահերթությունները բխում են կառավարության ծրագրից և կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից:
«Ըստ էության շարունակական են լինելու այն աշխատանքները, ուղղությունները, որոնք իրականացրել ենք այս տարի»,- ասաց նա:
Ծառայության պետի տեղակալը հիշեցրեց, որ «Աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից դուրս են գալիս աշխատանքային գրքույկները, գործատուները պետք է դրանք ներկայացնեն համապատասխան լիազոր մարմին, որպեսզի սկանավորեն, ներառեն համապատասխան տեղեկատվական համակարգ: Այդ լիազոր մարմինը սոցիալական ապահովության պետական ծառայությունն է:
2017-ին, նրա ներկայացմամբ, խորացնելու են երեխայի ծննդյան նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները. «Այս տարվա դեկտեմբերի 8-ին գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելն ապահովող համակարգը: Այսօր գործող ընթացակարգերի համաձայն, կարողանում ենք առցանց ներկայացված դիմումի հիման վրա նշանակել այդ նպաստը, եթե խոսքը գնում է առաջին կամ երկրորդ երեխային: 2017-ից նախատեսում ենք հնարավորություն ընձեռել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմել նաև երրորդ, հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ևս»:
Նախատեսվում է 2017 թվականի ընթացքում հնարավորություն ընձեռել անձին առցանց եղանակով ներկայացնել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2017 թվականի պետական բյուջեով հատկացումը նույն շրջանակում է, ինչ այս տարի, շուրջ 310 միլիարդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին