«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում փոփոխությունները կատարելիս զգույշ ենք եղել. Ա.Հովհաննիսյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվեցին «Հասարակական կազմակերպությունների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում նախագծերում կատարվել են մի քանի փոփոխություններ, որոնք հիմնված են եղել քննարկումների, ԱԺ պատգամավորների, ՀԿ ներկայացուցիչների, Վենետիկի հանձնաժողովի գործընկերների առաջարկների վրա:
Նախարարի խոսքով՝ նախագծերն այդ փոփոխություններից միայն շահել են:
Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց նաև «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Պատգամավորների կողմից բազմաթիվ առաջարկություններ էին ներկայացվել: Այդ առաջարկներն իրականում ուղղված էին նախագծի բարելավմանը: Մենք փորձել ենք ընդունել բոլորը: Վենետիկի հանձնաժողովը քննարկել է իր նիստում այս նախագիծը, տվել բավականին բարձր կարծիք, նշել, որ նախագիծը սկզբունքորեն համապատասխանում է միջազգային հիմնական բոլոր չափանիշներին»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա ներկայացրեց մի քանի կարևոր փոփոխություններ, մասնավորապես 1000 անդամ ունենալու պահանջը փոխել են 800 անդամով, 100 հիմնադրի միաձայն որոշմամբ պետք է ստեղծվի կուսակցությունը, իսկ մնացած որոշումների հետ կապված դրույթը փոխել են՝ կընդունվի ձայների մեծամասնությամբ:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կուսակցությունների ֆինանսավորման բանաձևում են կատարել փոփոխություններ. «Պետք է հաշվի առնել ֆինանսական սուղ միջոցները, թեև կարևոր է կուսակցությունների ֆինանսավորման ավելացումը: Պետությունը պետք է փոքր քայլերի արվեստով առաջ գնա: Տվյալ դեպքում գործակիցը փոխել ենք՝ 0,03-ի փոխարեն նախատեսել ենք 0,04, այսինքն՝ 20-25 միլիոն ֆինանսավորման ավելացում»:
Վենետիկի հանձնաժողովի առաջարկով սահմանափակվել են անդամավճարների առավելագույն չափը. 1 տարվա կտրվածքով ֆիզիկական անձի կողմից անդամավճարի չափը՝ 1 միլիոն դրամ:
Նախարարն ասաց, որ իրենք հաշվի են առել նաև ՕԵԿ, ԲՀԿ պատգամավորների առաջարկությունները: Մասնավորապես, ՕԵԿ-ն առաջարկել էր՝ եթե կուսակցությունը 10 տարի անընդմեջ չի մասնակցում ընտրություններին, պետք է լուծարվի:
«Մենք ամրագրել ենք՝ եթե կուսակցությունը երկու անգամ անընդմեջ չի մասնակցում Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ընտրություններին, կուսակցության գործունեությունը կասեցնելու հիմք է: Կասեցումը տեղի է ունենում մեկ տարի ժամկետով: Եթե այդ մեկ տարի կասեցումից հետո հաջորդ ընտրություններին կրկին չի մասնակցում, կրկին կասեցվելու է կուսակցության գործունեությունը»,- փոփոխությունը ներկայացրեց Ա. Հովհաննիսյանը:
ԲՀԿ առաջարկությունը վերաբերել է կուսակցության գործունեության լուծարմանը, ըստ որի՝ գործընթացը պետք է պարզեցվի:
«Շատ կուսակցություններ ռեսուրս չունեն հավաքել համագումար և լուծարման որոշում կայացնել, շարունակում են թղթի վրա մնալ որպես կուսակցություն: Առաջարկում ենք՝ եթե հնարավոր չէ հավաքել համագումար, ապա գործադիր մարմինը կարող է լուծարման որոշում կայացնել: Եթե հնարավոր չէ նաև գործադիր մարմին հավաքել, ապա հիմնադիրներից մեկը կարող է որոշում կայացնել, սակայն մի պայմանով՝ որոշումը ուժի մեջ է մտնում, եթե երեք ամիս անց չի հավաքվում համագումար կամ գործադիր մարմին և այլ որոշում չի կայացվում»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երկու փոփոխություններն էլ շատ կարևոր են:
«Եթե գնում ենք պառլամենտական կառավարման, կուսակցությունների կայացման ճանապարհով, պետք է լինեն այնպիսի կուսակցություններ, որոնց գաղափարները ժողովուրդը կիսում է, իսկ ժողովուրդը կիսում է այն կուսակցությունների գաղափարները, որոնք ունակ են մասնակցելու համապետական ընտրություններին, արդյունքում արձանագրում հաջողություններ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս երկու փոփոխությամբ կուսակցությունների դաշտը կհստակեցվի:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ աշխարում չկա քաղաքակիրթ մի երկիր, որտեղ 80 կուսակցություն լինի:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս փոփոխությունները կատարելիս զգույշ են եղել, ուսումնասիրել են փորձը, այնպիսի ձևակերպումներ են ընտրել, որոնք հարկադրանքի տարր չեն պարունակում:
Իր եզրափակիչ ելույթում արդարադատության նախարարը նշեց, որ այս նախագիծը քաղաքական դաշտի դերակատարների առումով սկզբունքային, հայեցակարգային մթնոլորտը փոխելու միտում ունի:
Հարակից հրապարակումներ`
- «Կուսակցությունների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- «Կուսակցությունների մասին» խոսում են ՀՀԿ-ից
- Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն. Նաիրա Զոհրաբյան
- Կուսակցություններն ունեն ֆինանսական ինքնաբավության խնդիր. Աղվան Վարդանյան
- Արդարադատության նախարարի համար «Կուսակցությունների մասին» օրնագիծը առանց «դոգմատիկ ճշմարտությունների» է
- Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կընդլայնվեն. քննարկում ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան