Խորհրդարանը քննարկում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու նախագիծը
Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծով առաջարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ներկայացնող անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: «Եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքերով՝ ՀՀ-ում սահմանել են հայտարարագիր ներկայացնող ամենաբարձր և միջին պաշտոնյայի համար միջինացված թիվ՝ 6 ամսվա տրամաբանությամբ: Ապօրինի հարստացման սուբյեկտ են դիտարկվել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձիք և նրանց հետ փոխկապակցված անձինք:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ ապօրինի հարստացման սանկցիան ազատազրկումն է և որոշակի պաշտոններ զբաղեցնելուց զրկումը:
Արդարադատության նախարար նշեց, որ ամենավիճելի, ամենախնդրահարույց և ամենաշատ քննարկված հարցերից մեկը ապացուցման բեռն է և անմեղության կանխավարկածի հարաբերակցությունը:
«Տարբեր երկրներում իրենց իրավական համակարգի առանձնահատկություններից ելնելով են սահմանում այն: ՀՀ նոր Սահմանադրությամբ ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը, բայց դեպքեր կարող են լինել, որ ապացուցման բեռը դրվի ոչ թե համապատասխան մարմնի, այլ իրավասու պաշտոնատար անձի վրա: Առաջարկվող նախագծով վարույթն իրականացնող մարմնի վրա դրվելու է պարտականություն ապացուցելու, որ պաշտոնատար անձն ունի գույքի էական ավելացում կամ պարտավորությունների էական նվազում, որոնք չեն համապատասխանում նրա հայտարարագրված օրինական եկամուտներին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ պաշտոնատար անձը պարտավոր է ապացուցել, որ գույքի ավելացումը կամ պարտավորությունների էական նվազումը օրինական եկամտով են պայմանավորված, իհարկե, դա չի նշանակում, որ նա զրկվում է լռելու իրավունքից: Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ հայտարարագիրը սխալ կամ թերի ներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական կամ քրեական պատասխանատվություն: «Այսինքն՝ սկզբունքորեն խուսափելու տեղը փոքր է լինում, երբ կարող է ասել, որ մոռացել էր որևէ օրինական եկամուտ հայտարարագրել»,- նշեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը ասաց նաև, որ ապօրինի հարստացումը համարվում է հետևանքային հանցակազմ. «Ապօրինի հարստացումը հետևանքային հանցակազմ է, վիճակ հանցակազմ, երբ պաշտոնատար անձը պատասխանատվություն է կրում, ոչ թե կոնկրետ գործողության համար, այլ որևէ չապացուցված գործողության արդյունքում առաջացած վիճակի համար»:
Վարույթն իրականացնող մարմինը ՀՔԾ-ն է լինելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան