Ռոստոմյան. «Մեր մարզիկներին ազգի թշնամի մի դարձրեք»
ՀԱՕԿ-ը ստեղծել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է հայ ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-սկանդալի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Վիճելի այս թեման բազմիցս քննարկվել է ու շարունակում է քննարկվել, սակայն քանի դեռ չկա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը, քանի դեռ չկան որակազրկման ժամկետների մասին հստակ տվյալներ, չի կարելի կողմնակի անգամ ազդել մարզիկների առանց այն էլ վատ հոգեբանական վիճակի վրա:
«Նրանք մեր երեխաներն են, մեր մեդալակիրները: Ցավալի է, որ նման բան է տեղի ունեցել, սակայն նրանք մերն են, պետք չէ մեր մարզիկներին ազգի թշնամի դարձնել»,- ասաց Ռոստոմյանը:
Panorama.am-ի այն հարցին, թե ընդհանուր առմամբ նախարարն ինչպես է գնահատում 2016 թ.-ը, Ռոստոմյանը պատասխանեց` գերազանց:
«Միանշանակ` տարին գերազանց էր: Իրականացան մեր բոլոր ցանկություններն ու պատկերացումները: Ընդհանրապես` սպորտում գնահատում ենք բավարար կամ անբավարար, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում ասել գերազանց»,- նշեց Ռոստոմյանը:
Նախարարը, խոսելով ազատ ոճի ըմբշամարտում տիրող իրավիճակի մասին, նշեց, որ նախարարությունը ևս ոչ բավարար է գնահատել մարզիչների աշխատանքը, սակայն խնդիրն ավելի խորքային է, որը լուծում է պահանջում: Ռոստոմյանը տեղեկացրեց, որ շատ հնարավոր է հաջորդ տարի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ունենա մարզիչ արտերկրից, ով, սակայն, կլինի ազգությամբ հայ: Կլինեն բազմաթիվ փոփոխություններ, սակայն դա արդեն գալիք տարվա ընթացքում: