Վրաստանի սպորտի նախարար. «Մեր երկրների համագործակցությունը կտա տեսանելի արդյունքներ»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Տարիել Խեչիկաշվիլուն:
Ոլորտի ղեկավարները զրուցել են երկու երկրների համագործակցության սերտացման ուղղությամբ տարվող աշխատանքների և երկու երկրների մասնագետների, ինչպես նաև մարզաշխարհի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:
«Հայաստանը և Վրաստանը պատմականորեն բարեկամական երկրներ են, և այդ բարի դրացիական հարաբերությունները շարունակվում են նաև այսօր: Համագործակցության նմանօրինակ միջոցառումները միմիայն նպաստելու են հայկական և վրացական սպորտի զարգացմանը»,- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը մեջբերում է Ռոստոմյանի խոսքերը:
«Ռոստոմյանին ճանաչում եմ որպես բանիմաց և պատասխանատու մասնագետի, որը շատ բարձր վարկանիշ ունի միջազգային մարզական հանրության շրջանում: Վստահ եմ, որ մեր երկու երկրների համագործակցությունը մոտ ապագայում տալու է տեսանելի արդյունքներ»,- ասել է Խեչիկաշվիլին: