«Արցախի բնակչությունը վերջին շրջանում աճել է». Մշակույթի գործիչները՝ արցախյան հանդիպումների մասին
Ամեն ինչ լավ էր կազմակերպված: Ունեցանք բովանդակալից հանդիպումներ: Տպավորիչ էին զինվորների հետ հանդիպումները: Իսկապես, նրանց աչքերում փայլ տեսա,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյան՝ խոսելով Արցախ կատարած այցի, ունեցած հանդիպումների մասին:
«Շատ կարևոր հանդիպում ունեցանք Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Մանրամասն քննարկում եղավ, իմացանք բաներ, որոնք մամուլի համար չէին: Մենք արեցինք առաջարկներ, լսեցինք իրենց առաջարկները»,- ասաց նա:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ Բակո Սահակյանի հետ զրույցում մի շատ կարևոր բան են իմացել. «Արցախի բնակչությունը վերջին շրջանում թեպետ փոքր թվով, բայց աճել է: Սա շատ ուրախալի երևույթ է»:
Նա նաև նշեց, որ Արցախում մշակութային կյանքը բավականին ակտիվ է, ամեն տարի մշակույթի տանն առնվազն 300 միջոցառում է անցկացվում:
«Հարցն այն է, թե ինչ մեխանիզմներ պետք է գտնել, որպեսզի տեղում աճեն, հարստանան պրոֆեսիոնալները, նրանք կարողանան իրենց արտադրանքը նաև դուրս տանեն: Այսօր արցախցին ունի հստակ խնդիր՝ իր մշակույթը, ստեղծագործությունը չի կարողանում տարածել»,- ասաց Վ. Մկրտչյանը:
Արցախյան հանդիպումերին մասնակցած ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այսօր Հայաստանում, սփյուռքում, Արցախում կան երեք տարբեր իրավիճակներ:
«Այս խնդիրը կարծես թե լուրջ քննարկման չի ենթարկվում: Մենք այս երեքը միավորելու, սոսնձելու և գաղափարապես, հոգեպես լցնելու մի ճանապարհ ունենք՝ դա մշակույթն է»,- հավելեց մտավորականը:
Մշակույթի գործիչների հանդիպումների մանրամասները՝ տեսանյութում: