Մոուրինյո. «Հույս ունեմ, որ Շվայնշտայգերը կմնա»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին թիմում պահելու ցանկություն է հայտնել։
Ընթացիկ մրցաշրջանը գերմանացի ֆուտբոլիստի համար ծայրահեղ վատն է։ Ժոզեն նրան հեռացրեց կազմից ու ուղարկեց երիտասարդական թիմ, որտեղից նրան միայն վերջերս է վերադարձրել հիմնական կազմ։ Այդ ժամանակից հետո Բաստիանը միայն մեկ անգամ է հայտնվել խաղադաշտում՝ մի քանի րոպե մասնակցելով «Վեստ Հեմի» հետ գավաթային հանդիպմանը։ Անկախ ամեն ինչից՝ Մոուրինյոն դեռ հույսեր է կապում այդ կիսապաշտպանի հետ՝ այն համոզմունքով, որ երկարատև մրցաշրջանի ընթացքում գերմանացին դեռ կարող է օգտակար լինել թիմին։
«Ես հույս ունեմ, որ Շվայնշտայգերը կմնա։ Եթե, իհարկե, նա չբախի մեր դուռը՝ ապագայի վերաբերյալ այլ պլաններով, որոնցից կցանկանա կառչել երկու ձեռքով։ Մենք խաղում ենք Անգլիայի Պրեմիեր լիգայում ու Եվրոպայի լիգայում։ Բացի այդ, երկու հանդիպում ունենք Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, նաև հույս ունեմ, որ հանդես կգանք եզրափակչում։
Շատ խաղեր ունենք նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում, այնպես որ, մեր խաղացողների թիվն այնքան էլ մեծ չէ։ Նույնիսկ հիմնական կազմ Շվայնշտայգերի վերադառնալուց հետո, ինչն արվեց միտումնավոր, քանի որ նա ևս մեկ տարբերակ է մեզ համար»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։