ԱԱԾ-ում ինձ ուղղված հարցերի շարադրանքը խիստ քաղաքական բնույթ էր կրում. Վահան Արծրունի
Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնը չի պարզաբանում՝ ինչու է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն: «Մենք պարզաբանում չունենք տալու», -Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ լրատվական կենտրոնի պատասխանատու Սամսոն Գալստյանը:
Տեղեկացնենք, որ կոմպոզիտորը օրերս հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն և այդ մասին հետևյալ գրառումն էր կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Հարգելի ՖԲ ընկերներ, այս մտավորական արվեստագետներին երեկ հրավիրել էին Արցախ՝ հանդիպելու նախագահի հետ, իսկ ինձ երեկ հրավիրել էին անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ...Էլի հանդիպման ու «ռազռաբոտկայի» համար երևի: Հետաքրքիր է չէ՞, երկու հանդիպման տեսակ նույն իրականության մեջ, թերթեք լուսանկարները և ճանաչեք մեր ազգի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ԼԵԳԻՏԻՄ մտավորականներին՝ պորտրետների զարմանահրաշ համարդություն է: Զրույցի թեման էլ, կարծում եմ, նույնն էր երկու հանդիպումների պարագայում՝ քաղաքական դիրքորոշումը երկրի ապագա զարգացումների համատեքստում»:
Իրեն ԱԱԾ հրավիրելու կապակցությամբ Վահան Արծրունին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հստակեցնելու, արդյոք իրեն ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում են հրավիրել ԱԱԾ:
«Ես խնդրել եմ Օմբուդսմենին պարզաբանել՝ արդյոք իմ նկատմամբ իրավաչափ գործողությունե՞ր են կատարվել ու արդյոք այս գործողություններըմեր Սահմաանդրության և օրենքի շրջանակներում են կատարվել: Այսինքն՝ առանց ծանուցագրի ու առանց կարգավիճակ հայտնելու հրավիրելը», -փոխանցեց պարոն Արծրունին:
Նա նաև Պաշտպանից փորձել է իմանալա, թե արդյոք ԱԱԾ գործակալի՝ իրեն ուղղված հարցերը ինքը կարող է դիտարկել որպես քաղաքական ճնշում և քողարկված սպառնալիք:
Փորձեցինք հստակեցնել, թե արդյոք ինքը՝ դա դիտարկում է որպես քաղաքական ճնշո՞ւմ, մտավորականը պատասխանեց.
«Երբ ձեզ հրավիրում են անվտանգության ծառայություն և աշխատակիցը հարցերի շարադրմամբ փորձում է հասկանալ իմ քաղաքական հայացքները, Խորենացի փողոցում գտնվելու կամ չգտնվելու փաստը վերջին իրադարձությունների ժամանակ, նկարագրել իմ պարագայում Հիմնադիր խորհրդարանի հետ կապված կարճ ելույթը: Այսինքն՝ հարցերի շարադրանքը խիստ քաղաքական բնույթ էր կրում: Եվ այդ զրույցը ոչ թե լրագրողի հետ էր, այլ անվտանգության ծառայության աշխատակցի հետ: Կարո՞ղ ենք սա մեկնաբանել սուրճի շուրջ զվարճալի շփման կամ զրույցի մակարդակով: Իհարկե, ոչ»:
Նա ասաց, որ շարժվել է օրենքի սահմաններում՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին և նրանից ստացված պատասխանից էլ կախված կլինեն կոմպոզիտորի հետագա քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան