Ստեղծագործելը ինձ համար սուրբ տաճար մտնել է. Տիգրան Մանսուրյան
«Արցախ գնալը անհրաժեշտություն է ամեն հայի համար, գնալ այնտեղ նորոգվել ու մեր իրականության բուն շերտին առնչվել, լրջանալ: Այդպիսի մի բան է տեղի ունենում մարդու հետ, երբ շփվում ես մարդկանց, բնության հետ», -Արցախ կատարած այցից հետո «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում ասել է հանրահայտ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Մաեստրոն ասաց, որ այժմ աշխատում է մեծ ծրագրերի վրա, որոնց մասին առայժմ չի ցանկանում խոսել: «Մեկը պետք է գնա Ճապոնիա, մյուսը՝ Շվեյցարիա և այդպես: Խայտառակ լարված վիճակում եմ: Բոլորն էլ իրար հրելով ցանկանում են լույս աշխարհ գալ», -«Ազատություն» ռ/կ-ի եթերում խոսելով ծրագրերից ասել է մեծանուն կոմպոզիտորը:
Երբ լրագրողը նրանից փորձեց ճշտել, թե ի՞նչ է նկատի ունեցել, երբ իր հարցազրույցներից մեկում արտահայտել է հետևյալ միտքը՝ «ես երբեք հողաթափերով դաշնամուրի մոտ չեմ նստում», Տիգրան Մանսուրյանը բացատրեց. «Այդ գործի մեջ մտնելը սուրբ տաճար մտնել է, այնտեղ պետք է մտնել վերին աստիճանի ճիշտ վարքագծի, ճիշտ ձևերի մեջ: Հողաթափերով երբեք: Ինձ համար չէ դա: Գուցե ուրիշ մարդիկ կան, որ անկողնում էլ են երաժշտություն գրում, դա ինձ համար չէ»:
Նա ասաց, որ վերջին տարիներին շփումները կրճատել է, և հիմնականում դրանք գործնական բնույթ են կրում: Հարցին՝ հիասթափվա՞ծ է, պատասխանել է. «Չէ: Պետք է հոգևոր հայր ունենալ էն աշխարհում կամ որևէ տեղ և նրա հետ ապրել, սերտ կապերի մեջ լինել Ես ունեմ այդ հայրերը, թե այնտեղ, թե աշխարհագրորեն տարբեր տեղերում, որոնց շատ սիրում եմ: Ես աշխատում եմ համապատասխանել իրենց՝ ինձ ուղղված պահանջներին»:
Մաեստրոն պատմեց, որ Գյումրիում վերջերս համերգից առաջ այցելել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին ու շատ տխրել. «Այնքան տխուր հատված էր՝ քարերը՝ նոր, անունները երիտասարդ տարիքի մարդկանց և կուզեի, որ դա երբևէ այլևս չլիներ: Դա ամենաանր ու տխուր իրականությունն էր, որ ազգովի անցանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան