«Փարոս»-ում ընդգրկվելու համար կաշառք պահանջած պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Հ. Ավետիսյանին՝ շորթմամբ կաշառք ստանալու համար։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նախնական քննության տվյալներով, Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհուց, որը երեք անչափահաս երեխաների մայր է, «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար կաշառք է պահանջել։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նա կնոջից պահանջել է իրեն տալ սոցիալական նպաստի մեկ ամսվա գումարը՝ սպառնալով, որ հակառակ պարագայում չի ընդգրկվի «Փարոս» ծրագրում:
Պահանջված գումարը Հ.Ավետիսյանն ստացել է իր աշխատասենյակում՝ դեկտեմբերի 6-ին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, քննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում։ Քննության ընթացքում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլրավոր վարչությունից ստացվել են ներքին և արտաքին դիտումների արդյունքները։
Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Հ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Կաշառք ստանալու պահին բռնվել է Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը
- ԱԱԾ. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին