Հրաչյա Ռոստոմյան. «Ունենալով առողջ սերունդ` կունենանք ապահով ապագա»
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպումն սկսեց ցավակցական ուղերձով: Երեկ կյանքից անժամանակ հեռացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով նաև հանդիսանում էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը:
«Երիցյանի հետ երկար տարիներ աշխատել ենք, միշտ լսել նրա խորհուրդները: Նա ավագ ընկեր էր մեզ համար և նրա կորուստը մեծ ցավ է մեզ բոլորիս համար: Իրականում մենք լավ մարդու կորցրեցինք»,- նշեց Ռոստոմյանը:
Ամփոփելով մարզական տարին` նախարարը նշեց այն 4 կարևորագույն ուղղությունները, որոնք ունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Դրանք են` սպորտի մասսայականացումը, մարզական կազմակերպություններ և մանկապատանեկան սպորտ, բարձր նվաճումներ և երիտասարդական քաղաքականություն: Ռոստոմյանի խոսքերով` կարևորագույն խնդիրներ են ի հայտ եկել, որոնց մասին էլ նա խոսեց:
«Առաջինն այն է, որ այսօր մենք խնդիրներ ունենք մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի հետ կապված: Այսօր մարդիկ շատ քիչ են զբաղվում սպորտով` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Մենք 2017 թ. կառավարության ծրագրերի մեջ ներառել ենք 5 ծրագիր, որոնք կխթանեն մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի զարգացումը Հայաստանում: Ունենալով առողջ սերունդ` կունենանք ապահով ապագա»,- նշեց Ռոստոմյանը:
2-րդ կարևորագույն խնդիրը նախարարը համարեց այն, որ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան անտեսված է: 1-3-րդ դասարաններում առարկան դասավանդում է դասվարը և դա ինքնին սխալ է: Մինչև 8-րդ դասարան էլ շաբաթական ֆիզկուլտուրային հատկացվում է 3 ժամ:
«Այս հարցին լուծում տալու համար ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ ստեղծել ենք համատեղ հանձնաժողով, որը մինչև տարեվերջ ներկայացրել է նախնական ծրագիր: Այն շուտով կներկայացնենք ոչ միայն հանրությանը, այլև, առաջին հերթին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, որպեսզի նրանք հասկանան առարկայի կարևորությունը»,- նշեց Ռոստոմյանը:
Մյուս կարևոր խնդիրը նախարարը համարեց արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների մեծ քանակը, որոնցից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը:
«Ի՞նչ են մարզում մեր երեխաներին, ոչ մեկս չգիտի: Ո՞վ է մարզում, արդյո՞ք այդ մարզիչը մանկավարժ է և տիրապետում է ֆիզդաստիարակության տարրական կանոններին: Արդյո՞ք այդ երեխաները, ովքեր ցանկություն ունեն կարատեով զբաղվելու, անցնում են բուժզննում և, վերջապես, որտեղ որ նրանք մարզվում են արդյո՞ք ունի մինիմալ չափորոշիչներին համապատասխան պայմաններ: Այս խնդիրների համագումարը հաշվի առնելով` նոր օրենքի սահմաններում ֆեդերացիաները կանցնեն արտոնագրման գործընթաց: Հուսով ենք, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում կունենանք դրական տեղաշարժ:
Այսօր այդ ֆեդերացիաները շարունակ հայտարարում են, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ունեն, մրցաշարի են մեկնել 4 հոգով և բերել են 8 մեդալ: Սուտ է, մի հավատացեք: Թող փորձեն ինձ հակառակը համոզել, եթե կարող են»,- նշեց Ռոստոմյանը:
Նախարարը նաև նշեց, որ ԼՂՀ կատարած այցի ժամանակ համագործակցության շրջանակներում ի հայտ են բերվել մի շարք բացթողումներ և թերացումներ, որոնք անպայման կլուծվեն հաջորդ տարի: Դա պայմանավորված է Օլիմպիական մարզաձևերի մարզիչների սակավությամբ և հարկավոր է ամեն ինչ անել` այդ բացը լրացնելու համար: