Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանի ալիբին հաստատվել է. Պնդում է փաստաբանը
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող Յուրի Հակոբյանի ալիբին հաստատվել է, դեպքի վայրում եղած անձանցից որևէ մեկը չի մատնանշել, որ Յուրի Հակոբյանը եղել է այդտեղ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանի փաստաբան Արմեն Նադիրյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ լեզվաբանի ամուսնու՝ Եղիշե Պետրոսյանի դաժան սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և կողմերն այժմ ծանոթանում են գործի նյութերին: Այս գործով մեղադրյալները վեցն են՝ ԴԱՀԿ նախկին աշխատակից Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և Հարություն Գրիգորյանը:
Նրանցից առաջին 5-ին առաջադրված մեղադրանքները ծանր են՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առանձնակի դիտավորությամբ սպանություն՝ մի խումբ անձանց կողմից) և խուլիգանության հատկանիշներով: 6-րդին՝ Հարություն Գրիգորյանին մեղադրանքն առաջադրվել է հանցագործության պարտակման համար: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 4-ին, ժամը 23-00-ի սահմաններում, երբ, ըստ նախաքննության, մի խումբ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց բազմաթիվ հարվածներ են հասցրել Եղիշե Մանուկի Խաչատրյանի կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ասուլիսում հայտարարել էր, որ քրեական գործի նյութերով Յուրի Հակոբյանի այլուրեքությունը, այսինքն՝ ալիբին հաստատվել է: Մինչդեռ Հակոբյանի պաշտպանական կողմն այժմ այլ բան է պնդում.
«Իրենք ուղղակի չեն ուզում արդարացնող ապացույցները տեսնել ու անընդհատ կոնտեքստից դուրս ներկայացնում են տեսագրությունների ժամերը: Յուրի Հակոբյանը ի սկզբանե ասել է, որ իրենք եղել են «Լիդո ռեստորանային համալիրում՝ քննարկելու իր հարսանիքի նախապատրաստության հետ կապված հարցերը, որը պետք է կայանար օգոստոսին: Եղել են այնտեղ Արարատ Նիկողոսյանի, նրա ընկերուհու՝ Մարիամ Գրիգորյանի, Խաչիկ Կոսյանի, Արտաշես Չիչոյանի հետ: Ինքն էլ եղել է դասընկերոջ՝ Ռաֆայել Պետրոսյանի հետ:
Հետո Արտաշես Չիչոյանը Հակոբյանից խնդրել է մեքենայի բանալիները. նա էլ չի մերժել, տվել է բանալիները, իսկ ինքը Ռաֆայել Պետրոսյանի հետ մնացել է ռեստորանում՝ շուրջ 40 րոպե: Հետո զանգել է՝ Արտաշեսին, որ իմանա, երբ են գալիս, որ մեքենան վերցնի, բայց չի կարողացել կապվել նրանց հետ: Հետո Ռաֆայել Պետրոսյանի հետ դուրս են եկել ռեստորանից, հանդիպել են մյուս դասընկերոջ՝ Գևորգ Սարգսյանին և նրա մեքենայով միասին գնացել են «Վիվարո» գրասենյակ, որտեղ մնում է բավականին երկար ժամանակ՝ շուրջ երկու ժամ: Այդ գրասենյակում նա եղել է տեսախցիկների դիտարկման ներքո: Եվ շատ լավ երևում է՝ այդ մարդն անհանգիստ չէ: Ավելին «Վիվարոյի» տեսախցիկները նրան ֆիքսել են գրասենյակում ժամը 23:41 և դա այն պահն է, որ դեպքը եղել, վերջացել է», -գործի նյութերը ներկայացրեց փաստաբան Նադիրյանը:
Փաստաբանի ներկայացմամբ, բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ «Լիդո» ռեստորանային համալիրի մենեջերը, մատուցողը, պահակը, ընկերները՝ Ռաֆայել Պետրոսյանը, Գևորգ Սարգսյանը հաստատել են Յուրի Հակոբյանի այլուրեքությունը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը հայտարարել էր, որ բոլոր մեղադրյալներին ճանաչման քննչական գործողության ժամանակ Եղիշե Պետրոսյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, որը նույնպես եղել է դեպքի վայրում, ճանաչել է նաև Յուրի Հակոբյանին:
Այս առնչությամբ պարոն Նադիրյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Էմմա Աբրահամյանը երկու անգամ է ճանաչման քննչական գոգործողություն անցել՝ առաջին անգամ տիկին Էմման ասել է, որ բոլոր մեղադրյալից իր մոտ տպավորվել է մեկը՝ կարմիր վերնաշապիկով անձը, մյուսները չեն տպավորվել: Իսկ ահա երկրորդ անգամ, Նադիրյանի փոխանցմամբ, Մեյթիխանյանը ներկայացել է նախաքննական մարմնին, ասել, որ իր սկեսուրը հիշել է հանգամանքներ ու դրանից հետո կանչում և դարձյալ հարցաքննում են Էմմա Աբրահամյանին:
«Նրան առաջարկում են փորձել վերհիշել որդուն ծեծի ենթարկած անձանց: Աբրահամյանը ասում է, որ համացանցում տեսել է հետախուզման մեջ գտնվողներ՝ Արարատ Նիկողոսյանի, Արտաշես Չիչոյանի լուսանկարները, նրանց վերհիշել է, բայց նրանց հետ եղած երրորդ անձին ես ոչ հագուստով, ոչ դեմքով չեմ կարող նկարագրել, նա ինձ մոտ չի տպավորվել: Բայց Յուրի Հակոբյանը այսօր մեղադրվում է առաջին եռյակին առաջադրված մեղադրանքով», -հավելեց Արմեն Նադիրյանը:
Գործով նախաքննություն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը, փաստաբանի խոսքով, հաշվի չի առել Հակոբյանի այլուրեքությունը փաստող ապացույցները ու ծանր մեղադրանք է առաջադրել նրա նկատմամբ: Ավելին, նախաքննական մարմինը օրերս մերժել է Յուրի Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին փաստաբանի միջնորդությունը:
Ինչ վերաբերում է դատատոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքներին, որոնց համաձայն մեղադրյալները այդ պահին եղել են թմրանյութի ազդեցության տակ, Արմեն Նադիրյանն ասաց, որ այդ մասին հայտարարությամբ անմեղության կանխավարկած է խախտվել, քանզի փորձաքննությունը ցույց է տվել, որ հայտնաբերված թմրանյութի հետքերը օգտագործման վաղեմությամբ համապատասխանում են 4-6 ամսվա:
«Այս ամենի հետ կապված շատ չփարատված կասկածներ կան ու հաստատված չէ և չի կարելի մարդու անմեղության կանխավարկածը կոպիտ խախտել: Իմ պաշտպանյալը ծանոթանալով փորձաքննության արդյունքներին, հայտարարել է, որ դրանց հետ համաձայն չէ: Ավելին այդ մասով որևէ քննություն չի կատարվել», -նկատեց փաստաբանը:
Նրա խոսքով, նման հայտարարությունները արատավորում են իր պաշտպանյալի հեղինակությունը և բարի համբավը, և Հակոբյանն այժմ ծանր վիճակում է:
Հարակից հրապարակումներ`
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեղադրյալները բանտում ևս օգտագործել են թմրանյութ ու հայտնվել այլ քրգործի թիրախում
- Փորձաքննությամբ պարզվել է, որ լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողները թմրամոլ են
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ձերբակալվել է 4-րդ կասկածյալը
- ՀՔԾ. Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ևս երկու անձ է կալանավորվել