Ջհանգիրյան. «ԱԺ կանոնակարգ» օրենքում լիարժեք չեն վերծանվել Սահմանադրությամբ նախատեսված վերահսկողական լծակները
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում եղել են տարբեր առաջարկներ, որոնք քննարկվել են, արդյունքում նախագիծը լրամշակվել է, փոփոխվել:
Փոփոխված տարբերակում, նրա ներկայացմամբ, պատգամավորների ելույթները չեն սահմանափակվելու մինչև 5 րոպեով, բոլորի համար սահմանվել է մինչև 10 րոպե:
Խմբակցություններին տրվել են երկու լրացուցիչ լիազորություն՝ խորհրդարանական լսումների կազմակերպում, արտահերթ նախագծեր շրջանառության մեջ դնելու ու արտահերթ քննարկելու իրավունք:
«Բազմաթիվ հարցեր եղան պաշտոնական գործողումների մեջ գտնվող պատգամավորի քվեարկելու իրավունքի փոխանցման հետ կապված: Եթե պատգամավորը մասնակցում է հարցի քննարկմանը մշտական հանձնաժողովներում, պետք է իր դիրքորոշումը հայտնելու իրավունք ունենա: Ոչ թե դեմ, կամ կողմ ձայների խնդիր է լուծվում, այլ պատգամավորը պետք է իր վերաբերմունքը հայտնի: Քննարկումների արդյունքում լուծում ենք գտնել՝ պատգամավորը փակ ծրարով իր որոշումը հանձնում է քարտուղարությանը, հարցի քվեարկության ժամանակ այդ ծրարը բացվում է և «կողմ» կամ «դեմ»-ը գումարվում ընդհանուր ձայներին»,- ներկայացրեց պատգամավորը:
Հարակից զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան ասաց, որ կառավարության եզրակացությունն այս տարբերակով ներկայացված նախագծին դրական է:
Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում հսկայածավալ աշխատանք է կատարվել, նախագիծը զգալիորեն բարելավել է, ընդունվել են բազմաթիվ պատգամավորների առաջարկությունները:
«Կարելի է նաև թերություններ գտնել այս փաթեթում: Եթե որևէ մեկն ինձ հարցնի, թե այս օրենսգրքի հիմնական բացը, թերացումն որ ինստիտուտին է վերաբերում, միանշանակ կասեմ, որ դա վերաբերում է խորհրդարանական վերահսկողության ամբողջ ինստիտուտին: Նախագծի հեղինակները հսկայածավալ աշխատանք կատարելով հանդերձ, իմ կարծիքով, դեռևս լիարժեքորեն չեն վերծանել, բացել կանոնակարգ օրենքում Սահմանադրության մեջ նախատեսված Ազգային ժողովի վերահսկողական լծակները»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է, որ պատգամավորները զենք կրելու իրավունք ունենան
- Ինչո՞ւ եք սեղմում պատգամավորին. Հրանտ Բագրատյան
- Խմբակցություններն ավելի ամուր պահելու համար որոշակի գործիքակազմ է ներդրվելու
- Ներկայացվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը