Դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանական խումբը հետաքրքիր զարգացումներ է խոստանում
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց նույն դատարանի երբեմնի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:
Դատարանում, որտեղ Բարսեղյանը երկար տարիներ զբաղեցրել է դատավորի աթոռը, այսօր նա ամբաստանյալի աթոռին էր և մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար: Նշենք ուղղակի՝ նա Գլխավոր դատախազության նախկին պաշտոնյաներից Հովսեփ Սարգսյանի եղբայրն է:
Բարսեղյանի հետ միասին այս քրեական գործի շրջանակներում ամբաստանյալ է նաև Փաստաբանների պալատի փաստաբան Էլզա Զաքարյանը, որը մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու համար: Մի քաղաքացիական գործի շրջանակներում քաղաքացի Նորիկ Հակոբյանից, ըստ պաշտոնական տեղեկության, Բարսեղյանը քաղաքացու օգտին գործին լուծում տալու համար պահանջել է 1000 ԱՄՆ դոլար, և փաստաբանն էլ միջնորդել է: Այնուհետև ԱԱԾ-ն տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր՝ ինչպես է երևանյան գետնանցումներից մեկում քաղաքացին գումարը տալիս դատավորին:
Այսօր դատական նիստում Իշխան Բարսեղյանը զգալի ընկճված էր, հուզված ու արտասվող հարազատների հետ ստիպված էր շփվել ապակու միջով: Նրա պաշտպանները վեցն են՝ նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, Վարդուհի Էլբակյանը, Արա Ղազարյանը, Լիաննա Գրիգորյանը, Կարեն Հովհաննիսյանը և Կարեն Ղազարյանը:
Նիստը նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը նախ ճշտեց ամբաստանյալների անձնական տվյալները: Պարզվեց, որ Իշխան Բարսեղյանի խնամքին են վատառողջ ծնողները և երեք երեխաները, որոնցից մեկն անչափահաս է: Իսկ փաստաբան Էլզա Զաքարյանի խնամքին են երկու մանկահասակ երեխաները, որոնցից մեկը՝ 7 տարեկան է, մյուսը՝ 1:
Այնուհետև դատավոր Մարդանյանը պաշտպանական կողմին հայտնեց, որ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել, որի համաձայն մեղադրող դատախազի լիազորությունները, որը պետք է իրականացներ Գլխավոր դատախազը, փոխանցվել են դատախազ Կարեն Բիշարյանին:
Նկատենք, որ ըստ հայաստանյան օրենսդրության, հատուկ գործերով է, ինչպիսին այս դեպքում դատավորի գործն է, մեղադրանքը դատարանին ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազը:
Պաշտպանական կողմը դատարանից ընդմիջում խնդրեց՝ ծանոթանալու դատախազության հայտարարությանը, ինչը դատավոր Մարդանյանը բավարարեց: Կարճատև ընդմիջումից հետո պաշտպանական կողմը առարկեց դատախազության ներկայացրած հայտարարությանը, և փաստաբան Վարդու Էլբակյանը հայտարարեց, որ Կարեն Բիշարյանը «պատշաճ մեղադրող չէ» ու վկայակոչելով Դատախազության մասին օրենքի 26-րդ կետը ասաց, թե Գլխավոր դատախազը կարող էր ներկայանալ դատարան և դատարանում լիազորությունները փոխանցեր իր ներկայացուցչին:
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Էլբակյանը բացատրեց, որ կոնկրետ անձի՝ դատախազ Կարեն Բիշարյանի դեմ իրենք ոչինչ չունեն, ուղղակի անհրաժեշտ են համարում, որ դատարանում լինի «պատշաճ դատախազ»: «Հայաստանի օրենքների համաձայն, գլխավոր դատախազը պետք է գար դատարան և որպես իր հետ երկրորդ մեղադրող ներգրավեր Կարեն Բիշարյանին կամ նրան, ում ինքը նպատակահարմար կհամարեր», -ներկայացրեց փաստաբանը:
Այդուհանդերձ, դատավոր Մարդանյանը չբավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և հայտարարեց, որ մեղադրանքը դատարանում կշարունակի ներկայացնել Կարեն Բիշարյանը:
Մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանը հայտարարեց, որ ինքը, ֆինանսական ծանր վիճակից ելնելով, չի կարող օգտվել փաստաբանի ծառայություններից և միջնորդում է դատարանին դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ իրականացնելու իր պաշտպանությունը: Նրան նոր պաշտպան ներգրավելու համար էլ դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 23-ը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Բարսեղյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ այս գործով նախաքննությունը տևել է ընդամենը 11 օր, գործի նյութերը 2 հատոր են: Թե ինչու է պաշտպանական մեծ խումբ կազմվել, Էլբակյանը բացատրեց, որ նյութերի ամեն թերթը վերլուծության ու մեկնաբանության կարիք ունի և յուրաքանչյուր պաշտպան զբաղվելու է իր գործով:
Ի դեպ, փաստաբանն ասաց, որ 17 տարի աշխատում է որպես փաստաբան, բայց չի եղել դեպք, որ 11 օրում առանձնապես ծանր քրեական գործով նախաքննություն կատարվի ու ավարտվի:
Հետաքրքրվեցինք, թե ԱԱԾ-ի կողմից տեսանյութը հրապարակելու հետևանքով անմեղության կանխավարկածի խախտման մասով որևէ քայլեր ձեռնարկելո՞ւ է պաշտպանական կողմը, Էլբակյանն ասաց, որ լուրջ գործ են անում այդ ուղղությամբ և հասնելու են միչև Մարդու Իրավունքների եվրոպական դատարան:
«Բողոքները արդեն պատրաստվել են և քանի որ Հայաստանի Հանրապետությունում նման ընթացակարգ սահմանված չէ, թե տեսանյութի հրապարակման համար մենք ում դեմ պետք է բողոք ներկայացնենք, մենք ուզում ենք նաև օրենսդրական փոփոխությամբ հանդես գանք, որի մասին հայտարարություն կանենք», -հայտարարեց փաստաբանը:
Լրագրողի դիտարկմանը, թե հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Բարսեղյանը գումար վերցնում քաղաքացուց, փաստաբանն արձագանքեց.
«Հաջորդ դատական նիստերին դուք կլսեք, թե ԱԱԾ-ի տարածած տեսանյութը ինչքանով էր մոնտաժված, կիսատ ու ինչքանով է համապատասխանում իրականությանը: Ոչ մեկ չի վիճարկում, որ մարդը վերցրել է, կիսատ է, ու ամբողջապես ներկայացված չէ՝ որպես ինչ է վերցրել: Դատական հաջորդ նիստերին կլսեք հետաքրքիր հայտարարություններ, որը լույս կսփռի ամբողջ գործի վրա»:
Ի դեպ, փաստաբանն ասաց, որ հոգեբանական ճնշում է գործադրվել Իշխան Բարսեղյանի դեմ՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելը:
«Վճռաբեկ դատարանը կարող էր այլ վայրում դատական նիստ անցկացնել կամ գոնե այլ դատարանից դատավոր գործուղեին: Դա բարոյական հարթության մեջ է», -ասաց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է դատավոր Իշխան Բարսեղյանի դատավորությունը
- Դատավորի կաշառքի գործով մեղադրյալ փաստաբանը հրաժարվել է հանրային պաշտպանից
- Կաշառքի գործով ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել
- Կաշառքի գործով դատավորը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում