Եթե տեղումները նվազեն, մի քանի ժամվա ընթացքում Վերին Լարսը կարող է բացվել. նախարար
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Վերին Լարսում առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրներին:
«Պարոն Մարտիրոսյան, գիտեմ, որ երեկ եք եկել Վերին Լարսից: Խնդրում եմ՝ մաքսիմալ հսկողության տակ պահել այնտեղ ստեղծված վիճակը, որովհետև մենք խնդիր ունենք»,- նշեց վարչապետը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Վերին Լարսի անցակետը այս պահին փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար:
«Երեկ և առաջին օրը եղել ենք անցակետում, մեր աչքով տեսել ենք, թե ինչ առատ ձյուն է տեղում: Վրացի գործընկերները բոլոր տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին: Եթե ձյունը գոնե մի քիչ թուլանա, մի քանի ժամվա ընթացքում ճանապարհը կարող է բացվել», - ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարի խոսքերով՝ անցակետում կուտակված մեքենաները շատ են, ՌԴ-ի կողմից Լարսում կանգնած է 700 մեքենա, դրանցից 400-ը հայաստանյան մեքենաներ են, հիմնականում` բեռնատար, քանի որ մարդատար մեքենաների համար ժամանակ առ ժամանակ բացվում է ճանապարհը: Նախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանի կողմից քանի մեքենա կա, բայց Ռուսաստանի հետ համեմատած քիչ են:
Ինչ վերաբերում է վարորդների դժգոհությանը, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ խոսել է վարորդների հետ, որոնք և դժգոհություն ունեն, և գոհունակություն: «Ասում են, որ և պետական կառույցների ներկայացուցիչները, և բնակիչները, և տրանսպորտային կազմակերպություններն իրենց օգնում են: Կան նաև մարդիկ, որոնք բողոքում են ինչ-որ հարցերից: Կարծիքները տարբեր են»,- նշեց նախարարը:
Հարցին, թե պետությունն ի՞նչ լուծումներ է տեսնում, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ քննարկումներ են ընթանում` լաստանավերով մեքենաները տեղափոխելու հետ կապված, արդյունքները շուտով պարզ կլինեն: Ըստ նրա՝ բեռնափոխադրողը հաշվում է՝ ինչ կարող է դա արժենալ, և եթե Լարսը բացվում է, ինքը գերադասում է Լարսով:
Նա նաև նշեց, որ պետք է անել ամեն ինչ Վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ ունենալու համար: «Փորձում ենք տարբեր ճանապարհներ գտնել: Հիմա քննարկում ենք ավիացիոն մեթոդով ավիափոխադրումներ կազմակերպելու հարցը: Վրաստան այցի ժամանակ քննարկումներ ենք ունեցել Վրաստանի վարչապետի և ճյուղային նախարարների հետ»,-ասաց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ և՛ վրացական, և՛ ռուսական կողմերը շահագրգիռ են Վերին Լարսի ճանապարհի արագ բացման հարցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին