«Գնումների մասին» օրենքն էապես բարելավելու է գնման գործընթացը. նախարար
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ արված առաջարկությունները հիմնականում ընդունվել են, որի արդյունքում օրենքն ավելի է հղկվել:
«Այս օրենքը, կարծում եմ, էական, խորքային փոփոխություններ է նախատեսում այս ոլորտում, էապես բարելավելու է գնման գործընթացը»,- նշեց նախարարը՝ ներկայացնելով առաջինից երկրորդ ընթերցում արված հիմնական փոփոխությունները:
Նախարարն ասաց, որ առաջարկներից մեկով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը. «Այս առաջարակի մասով ևս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը: Սա անվտանգության կարևորագույն նորմ է: Կարծում ենք, որ ճիշտ է, որ այդ ծախսերը, որոնք կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման համար, դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ»:
Հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ օրենսդրական փաթեթի կարևորագույն հիմնադրույթներից է հանրային կազմակերությունների գնումների կազմակերպման հետ կապված այն ընթացակարգերի կիրառումը, որտեղ հանրային ոլորտը կարգավորող կամակերպություններն իրականացնում են գնումներ:
«Ձեր կողմից ներկայացաված փաթեթը, պատգամավորների ներկայացրած առաջարկությունները համակողմանի քննարկվել են, առաջարկում եմ երկրորդ ընթերցմամբ ընդունել գնումների մասին օրենսդրությունը»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նիստում քննարկվեց նաև «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ առաջարկություններ էր ներկայացրել պատգամավոր Միքայել Մելքումյանը, դրանց հիմնական մասն ընդունվել են և իրացված են նախագծում:
«Մեկ առաջակություն, որ իրացված չէ, վերաբերում է կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձանց համանման արտոնությունների տրամադրմանը, այստեղ էական ռիսկեր ենք տեսել անհավասար մրցակցային դաշտ ստեղծելու և այն խորացնելու առնչությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորները առաջին անգամ միասնաբար կողմ քվեարկեցին հարկային օրենսգրքի հետ կապված նախագծերի փաթեթին
- Նոր գործիքակազմի կիրառման դեպքում գնումների ոլորտում կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը. Վարդան Այվազյան
- Գնումների ընթացակարգը պարզեցվել է. քննարկում ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան