«Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն». վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ սիրիահայ գործարարները բարձրացրել են, մասնավորապես, տնտեսական ինտեգրման խնդիրներով զբաղվելու համար ստեղծված «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը, վարկավորմանը, օրենսդրական դաշտին վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր:
«Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երևանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, և ձեր կայացումը մեզ համար չափազանց կարևոր է», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:
Բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան