Վարչապետը հանձնարարեց ներկայացնել մասնավորեցման ենթակա կազմակերպությունների ցանկը
Ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, մասնավորապես` աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը էականորեն բարձրացնելու նպատակով` գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց մի շարք գերատեսչությունների ղեկավարներին ու մարզպետներին:
Մասնավորապես, ՀՀ առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին և մարզպետներին հանձնարարեց՝ երեքշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման վարչության հետի համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետգույքի մասնավորեցման ծրագրում:
«Նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը Պետական գույքի կառավարման վարչության պետին էլ հանձնարարեց ամփոփել ներկայացված առաջարկությունները և ներկայացնել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ: Այն մեկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:
Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետին հարցրեց, թե արդյոք ժամկետները բավարար են. «Պարոն Սահակյան, մենք պայմանավորվել էինք ձեզ հետ, որ պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հաշվետվությունները, պլանային ցուցանիշները շահութաբեր են, ոչ շահութաբեր են, դրանց վերաբերյալ մենք պետք է քննարկում անեինք և առաջարկություններ լսեինք: Այս պահին որտե՞ղ ենք հասել»:
Արման Սահակյանը նշեց, որ ֆինանսատնտեսական մոնիտորինգներն ավարտված են, 2015 թվականի ցուցանիշներն ամբողջությամբ պատրաստ են, բայց կառավարության որոշման համաձայն՝ 2016 թվականի ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված: «Բայց գործընթացը կարող ենք սկսել, որովհետև, ըստ էության, 2015-ի ցուցանիշները կան և դրանց հիման վրա կարող ենք քննարկումներ սկսել»,- ասաց Արման Սահակյանը:
Վարչապետ արձագանքեց. «Շատ լավ, ներկայացրեք առաջարկություններ, հատկապես այն առաջարկությունները, երբ նույն հարթակի վրա մենք ունենք պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություն և կողքը մասնավոր, որի ցուցնիշները շատ բարձր են, պետականը՝ չէ: Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք այդ խնդրին հատկապես այն հարթակի վրա, որ մենք ունենք պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություն և կողքը մասնավոր, որի ցուցանիշերը շատ բարձր են, պետականինը՝ չէ: Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին