Նոր օպերատորը կատարողական ցուցանիշները չապահովելու դեպքում կտուգանվի. Արսեն Հարությունյան
2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ խմելու ջրի համակարգի նոր՝ միասնական օպերատորը կանցնի աշխատանքի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
«Խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի առաջին փուլին մասնակցել է 4 ընկերություն, որոնցից 2-ը չեն հաղթահարել նախաորակավորման փուլը: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ՎԵՈԼԻԱ Օ-ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությունը: Հունվարի 1-ից օպերատորը սահմանել է խմելու ջրի միասնական սակագին՝ ողջ հանրապետության տարածքի համար 1խմ 180 դրամ»,-տեղեկացրեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախորդ 10 տարիների ընթացքում գործել է խմելու ջրի համակարգի 5 օպերատոր՝ «Երևան Ջուր» (170,3 դրամ), «Հայջրմուղկոյուղի» (179,8), «Լոռի-ջրմուղկոյուղի» (181,0), «Շիրակ-ջրմուղկոյուղի» (172,2) և «Նոր Ակունք» (202,6):
Լրագրողները Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահից հետաքրքրվեցին Հայաստանում խմելու ջրի որակից, ինչին ի պատասխան նա ասաց. «Հայաստանի խմելու ջուրը աշխարհում լավագույններից է: Սակայն մենք ունենք տարածաշրջաններ, որտեղ ջրի խնդիր կա, կոնկրետ Արմավիրի մարզում, որտեղ խմելու ջուրը համարվում է Հայաստանում ոչ ամենալավը: Ներկայումս տվյալ տարածքի օպերատորն է «Նոր Ակունք»-ը և այդ տարածքի բնակչությունը խմելու ջրի համար վճարում է ամենաբարձր սակագինը: Նոր օպերատորի հետ քննարկել ենք մարզի համար այլ ջրագծի կառուցման հարցը, որի արդյունքում ավելի լավ որակի ջուր կհասցվի Արմավիր»:
Իսկ թե ընդհանուր դաշտում ինչ կփոխի մեկ օպերատորի գործունեությունը, պաշտոնյան հայտնեց, որ առաջիկա 15 տարիների ընթացքում մեկ օպերատորի կողմից իրականացվելու է շուրջ 37,5 մլրդ դրամի ներդրում, ինչն ամբողջությամբ ուղղվելու է խմելու ցանցի վերականգնմանը:
Հարությունյանի խոսքով՝ վերականգնման և բարելավման համար նախատեսվում է նաև պետության կողմից ներդրումներ:
Ինչ վերաբերում է հունվարի 1-ից գործող 180 դրամ սակագնին, Արսեն Հարությունյանը նշեց, որ առաջիկայում սակագնի բարձրացման մասին խոսք չի գնում. «Նոր ընկերության հետ կնքած պայմանագրում հստակ պայմաններ ու կատարողական ցուցանիշներ կան դրված, որը օպերատորը պետք է ապահովի, չապահովելու դեպքում՝ ընկերությունը կտուգանվի: Տուգանքի չափը կարող է հասնել մինչև պայամանգրի ողջ գումարի չափին՝ շուրջ 90 մլրդ դրամ է, դա այն գումարն է, որը նոր օպերատորը վճարելու է որպես վարձավճար 15 տարիների ընթացքում»:
Հարակից հրապարակումներ`
- Ջրի սակագինը ոչ թե թանկացել է, այլ՝ միջինացվել. ՋՏՊԿ-ի մամուլի խոսնակ
- Ջրային տնտեսության պետական կոմիտեն սկսել է խմելու ջրի վարձակալի ընտրության մրցույթը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին