Իբրահիմովիչի գոլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա խաղում 2։1 հաշվով առավելության է հասել «Կրիստալ Պելասի» նկատմամբ։ Վճռորոշ գոլը 88-րդ րոպեին խփել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շեշտել է, որ թիմն արժանի հաղթանակ է տոնել։
«Շատ ծանր էր, սակայն մենք արժանիորեն հաղթեցինք,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առաջին խաղակեսում վերահսկում էինք հանդիպման ընթացքը։ Ընդմիջումից հետո մրցակիցն արձագանքեց և պարգևատրվեց գոլով, որին հաջորդեց մեր խաղային լավագույն հատվածը։ Մոտ 20 րոպե գործնականում անհնար էր կանգնեցնել մեզ։ Ռունիի հարվածից հետո մրցակցի դարպասապահը արտակարգ սեյվ կատարեց, Մատան խփեց խաղից դուրս վիճակից, հետո կարելի էր 11 մետրանոց հարված նշանակել «Կրիստալ Պելասի դարպասին», այնուհետև մենք, այնուամենայնիվ, գոլ խփեցինք։ Շատ ուրախ եմ խաղացողների համար»։