Համբուրգյան հայտարարությունում զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից. Շարմազանով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համբուրգյան հայտարարությունը մեր երազանքների հայտարարությունը չէ, սակայն այն մեզ բավարարում է, քանի որ այնտեղ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այնտեղ հղում է կատարվում 1994թ. զինադադարի պայմանագրին, խոսվում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մասին, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման մասին, ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության նկատմամբ վայրագությունների մասին»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ երազանքների հայտարարությունն այն կլիներ, եթե այնտեղ լիներ ուղիղ հասցեական գնահատական, նշվեր Ադրբեջան անունը:
«Բայց պետք է նշենք, որ այս հայտարարությունը նաև բխում էր և խաղաղ կարգավորման սկզբունքներից, և այնտեղ զետեղված են հայկական կողմի առաջարկած բազում թեզեր»,- ընդգծեց նա:
Այլ հարցերի անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մինչև տարեվերջ ՀՀԿ խորհրդի նիստ կհրավիրեն: ՀՀԿ խոսնակը նշեց, որ չի կարծում՝ խորհրդի նիստի ընթացքում մեծ անակնկալներ են սպասվում:
«Բնականաբար, կլինեն փոփոխություններ, արդեն նշել եմ, որ առաջին փոխնախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը վարչապետ Կարեն Կարապետյանն է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացներին, Շարմազանովը հայտնեց, որ դրա հետ կապված հարցեր ԳՄ նիստում չեն քննարկել, բնականաբար, չի քննարկվել նաև դաշինք կազմելու հարց:
«Կարծում եմ, որ ՀՀԿ-ն կգնա իր ցուցակով և հաշվի առնելով անցյալի փորձերը, մեր ցուցակում տեղ կգտնեն այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մեզ հետ երկար ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին