Կհստակեցվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը
Գործադիրը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծանուցումների ոլորտում առկա խնդիրների կանոնակարգման և էլեկտրոնային ծանուցումների արդիականացման անհրաժեշտությամբ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա գործող իրավակարգավորումներով Հայաստանում առաջնահերթ ծանուցումը կատարվում է փոստային եղանակով և շատ հաճախ դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվում տարբեր պատճառներով ու քաղաքացու պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել:
«Քանի որ այսօր նույնականացման քարտերի տրամադրմանը զուգահեռ քաղաքացիներին տրվում է նաև պաշտոնական էլեկտրոնային փոստ, մենք առաջարկում ենք ծանուցումներն ուղարկել նաև այդ էլ.հասցեներին, ինչպես նաև ներդնել բջջային հեռախոսին ստացվող sms հաղորդագրության միջոցով համապատասխան ծանուցումը ստանալու համակարգ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ արդեն պատրաստ են թե′ ՀՀ ոստիկանության, և թե՛ ԴԱՀԿ ծառայության համապատասխան հարթակները, որոնք հնարավորություն կտան ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսների միջոցով կամ նախընտրելի այլ եղանակով ծանուցված լինել արգելանքների կամ վարչական ակտերի մասին: Ընդ որում, քաղաքացին կկարողանա նաև իր համար նախընտրելի այլ տարբերակով ևս ծանուցվել, օրինակ, իր անունով ստացվող ծանուցումներ ստանալը լիազորել իր ընտանիքի այլ անդամներին կամ հարևանին և այլն:
Այսպիսով , օրինագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվի և առավել արդյունավետ կդարձվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը և դրանց կատարման ժամանակ գործողությունների հաջորդականությունը: Կնախատեսվեն նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են համաձայնությամբ նախատեսված ծանուցումներին, ծանուցման մեջ նշված գործողությամբ նախատեսված գույքային պահանջի առավել նվազ կարևոր լինելու դեպքում՝ ծանուցման առավել պարզեցված ընթացակարգին, ինչպես նաև ծանուցման մեջ նշված գործողության ամբողջությամբ կամ մասնակի կատարմամբ պատշաճ ծանուցվելուն: Հրապարակային ծանուցման բովանդակության սահմանափակմամբ կապահովվի անձի անձնական տվյալների պաշտպանությունը: Գործնականում առաջնահերթություն կտրվի պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցման առավել արագ և մատչելի եղանակին, կապահովվի անձի՝ իր գույքն արգելանքի դրված լինելու մասին առավելագույնս արագ տեղեկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան