ԱՄՆ ընտրությունների վրա հաքերային հարձակումների հետևում կանգնած է Պուտինը. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անմիջականորեն կարող է կանգնած լինել միացյալ Նահանգներում տեղի ունեցած ընտրությունների գործընթացի վրա հաքերային հարձակումների հետևում:
ԱՄՆ-ի հեռացող նախագահի խորհրդական Բեն Ռոուդսը BBC գործակալության ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` հայտարարել է, որ Պուտինը խստագույն կերպով վերահսկում է կառավարության կողմից իրականացվող ցանկացած գործողություն, ինչից հետևում է, որ նա տեղյակ է եղել տեղի ունեցածի մասին:
«Այն ամենը, ինչ մենք գիտենք Ռուսաստանի գործողությունների, կառավարության նկատամամբ Պուտինի ունեցած վերահսկողության մասին, ցույց է տալիս, որ, եթե խոսքը գնում է մեծամասշտաբ էլեկտրոնային միջամտության մասին, ապա այստեղ մենք գործ ունենք իշխանության ամենաբարձր օղակների հետ», - ասել է Ռոուդսը:
«Եվ վերջապես, Վլադիմիր Պուտինն այն պաշտոնյան է, ով պատասխանատվություն է կրում ռուսական կառավարության համար», - հավելել է Օբամայի խորհրդականը:
Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էռնեստն այս հարցի կապակցությամբ հայտարարել է, որ իր կարծիքով` այս գործում Պուտինի մասնակցությունը բացարձակապես ակնհայտ է:
Նշենք, որ ռուս պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք ոչ մի կապ չունեն ընտրական գործընթացի վրա կատարված հաքերային հարձակումների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան